«Հեշտ չի եղել, որովհետև ոչ մի իշխանության հաճելի չէ մամուլի քննադատությունը, և բոլոր հնարավոր եղանակներով փորձում են մեր բերանը փակել, և դա միշտ է այդպես եղել՝ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ժամանակ, և հիմա նույնպես»

 

 

Առանց մամուլի ու լրագրողների կատարած հսկայական աշխատանքի դժվար է պատկերացնել տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք «թավշյա հեղափոխություն» անունը ստացան:

Իսկ ինչ կարծիքի են հենց լրատվամիջոցների ղեկավարները վերջին իրադարձությունների ժամանակ լրատվական դաշտի աշխատանքի ու ներկա զարգացումների վերաբերյալ՝ ներկայացնում ենք ստորև:

-Ինչպիսի՞ն էր մամուլի ազդեցությունը շարժման ընթացքում մարդկանց կարծիքների ու մոտեցումներիձևավորման վրա:

hakob-ed

Հակոբ Ավետիքյան-«Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

-Նիկոլ Փաշինյանը, լինելով մամուլի մարդ, շատ լավ գիտեր և հիմա էլ գնահատում է մամուլի դերը հասարակության վրա ազդելու գործում, և նա հատկապես օգտագործեց էլեկտրոնային մամուլն ու ինտերնետային տարբեր հարթակները, առանց որի նա չէր կարող այդքան կարճ ժամանակում նման արդյունքի հասնել: Այստեղ արագությունների հարց է, որովհետև հեղափոխության (իսկական հեղափոխություն չէ, բայց այդպես կկոչենք) շարժիչ ուժը տեղեկատվությունը եղավ, մանավանդ՝ Փաշինյանին ռազմավարական առումով մեծ արագություն էր պետք, որպեսզի չնախապատրաստված կողմը ճնշվեր մեծ թափով: Երկրորդը՝ նման իրավիճակները միշտ մամուլի մարդկանց ոգևորում են, անընդհատ իրար հաջորդող լուրեր ներկայացնելու խնդիրներ կան ու հաճախ այնքան արագ, որ դժվար էր հետևելը: Այդ ոգևորության մեջ լրագրողները հաճախ մոռացան, որ իրենք լրագրող են ու հանդես եկան որպես քաղաքացիներ ու շարժման մասնակիցներ, և լրագրողական առումով սա, իհարկե, մեծ թերություն էր:

— Մի կողմից՝ լրագրողը պետք է լինի օբյեկտիվ և տեղեկատվություն տրամադրելիս դրանում վերաբերմունքչարտահայտիբայց մյուս կողմից՝ լրագրողը նաև անհատ էքաղաքացիունի դիրքորոշում և միգուցե՝ այնարտահայտելու ցանկությունԱրդյո՞ք ցանկալի էոր լրագրողը աշխատանքից դուրս արտահայտի այդդիրքորոշումըթե պետք է չեզոք մնաքանի որ իր կարծիքը ընկալվելու է որպես իր ներկայացրած ԶԼՄ−իդիրքորոշում:

 

 

−Անգամ Նիկոլ Փաշինյանի ու շարժման հանդեպ վերապահումներ ունեցող լրագրողները, երբ գնացին լուսաբանելու, մարդկային հսկայական զանգվածները, այդ երիտասարդությունը ներազդեցին նրանց վրա, և նրանք դարձան շարժման մասնակիցներ ու քարոզիչներ: Այստեղ խնդիր ունենք: Լրագրողների մեջ մինչև շարժումը տիրող վիճակի նկատմամբ որոշակի խորշանք ու ատելություն կար, այդպիսի զգացում կա նաև այժմ: Փորձառու լրագրողները հաճախ են դա տեսել: Բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչպես են իշխանություններն աշխատել լրագրողների հետ՝ կաշառել են, փող տվել, ստիպել, պատվեր տվել:

Արհեստավարժ լրագրողը հասարակությանը պետք է պատկերը փոխանցի ամեն կողմից, բայց անդիմադրելի վիճակներ կան, երբ դու չես կարողանում դա անել, որովհետև եթե անգամ անձամբ իշխանությունների կողմից ճնշումների չես ենթարկվել, դու ներքուստ ես հակադրվում արդեն՝ այդ ամենն իմանալով: Մարդկային հսկայական զանգվածները և դրանց կազմում հատկապես քաղաքակիրթ ու ազատ մտածող երիտասարդությունը շատ ազդեցիկ գործոններ են, և դժվար է դրանց ազդեցությունից դուրս գալ և անընդհատ հիշել, որ դու, միևնույնն է, լրագրող ես, ստիպված ես հարցերին նայել մասնագիտական աչքերով և հասարակությանը ներկայացնել, թե ինչ է իրականում կատարվում և ինչի դա կարող է հանգեցնել: Այս իրադարձությունների առումով դու նախ և առաջ մարդ ես, և ոչ միայն մարդ ես, այլև քաղաքացի ես: Այստեղ կա հակասություն, բայց դա բոլոր տեղերում է այդպես, մենք բացառություն չենք:

-Բայցթերևսհնարավորինս պետք է բալանսը պահել այս հարցում

-Բալանսը դժվար է պահել, պետք է առնվազն փորձել, ես փորձեցի, բայց չստացվեց (ժպտում է):

 

 

-Մամուլը նաև հանրային դիսկուրս ձևավորելու դեր է խաղում, ինչպե՞ս կարող են լրատվամիջոցները նպաստել հանրության շրջանում հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելուն:

-Մամուլի գլխավոր առաքելությունների շարքում ամերիկացի տեսաբանները նշում են հասարակության տարբեր շերտերի միջև կոնսենսուս ձևավորելու գործառույթը: Մեր ամենալուրջ խնդիրը դեռևս ձևավորված քաղաքացիական հասարակություն չունենալն է, և այս առումով ընկալունակ զանգվածները, որոնք վերջին շրջանում մեծ ոգևորության մեջ են, ամեն կերպ ձգտում են իրենց կարծիքի ճշմարտացիությունը ապացուցել և չեն ընդունում այլակարծությունը, ոմանք էլ՝ սկսում են վիրավորել մարդկանց: Մեր մամուլը այդպիսի դրսևորումներին, որքան էլ որ դժվար է, չպետք է կարևորություն տա, եթե ճիշտ ես դիտարկմանդ մեջ, պարտականությունդ պետք է կատարես: Մենք նման իրավիճակներ տեսել ենք. 1991թ-ին, երբ այդ ժամանակվա լիդերները սրբություն էին,  հասարակական կարծիքը նրանց պաշտպանում էր ամեն գնով, բայց քիչ թիվ կազմող մարդիկ ասում էին, որ  երկրի կառավարման, երկրի խնդիրները լուծելու հարցում մասնագիտական մոտեցումների կարիք կա, ինչը ենթադրում է ոչ թե միակարծություն, այլ կարծիքների բախման արդյունքում մոտեցումների ձևավորում: Հետևաբար այս իրավիճակում յուրաքանչյուր լրագրող պետք է այս կերպ մոտենա հարցին, և այդ պարագայում ոգևորությունը երկար չի տևի, մանավանդ, որ այսքան խնդիրներ կան լուծելու, որոնց լուծման տարբերակների առումով շատերն են մտահոգված:

 

 

armine-ed

Արմինե Օհանյան Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արմինե Օհանյանը վերջին դեպքերը առանձնացնելու փոխարեն  առավել կարևորում է այն հանգամանքը, թե որքան է եղել մամուլի ազդեցությունը քաղաքական պրոցեսների վրա ընդհանրապես, և որքանով ենք մենք՝ լրագրողներս, մասնակցություն ունեցել այս փոփոխություններին:

−Ես իհարկե կարող եմ խոսել կոնկրետ «Հրապարակ»-ի անունից, ոչ թե ամբողջ լրատվադաշտի, թեպետ վերջին 30 տարին մամուլում եմ և տարբեր լրատվամիջոցներում եմ աշխատել, բայց կարծում եմ՝ այս փոփոխություններում շատ մեծ մասնակցություն ունի նաև մամուլը: Այդ մենք ենք տարիներ շարունակ հետևողականորեն պայքարել, ներկայացրել իշխանության սխալներն ու թերությունները, քննադատել ու ճնշումների ենթարկվել, բայց նաև շարունակել մեր գործը: Հեշտ չի եղել, որովհետև ոչ մի իշխանության հաճելի չէ մամուլի քննադատությունը, և բոլոր հնարավոր եղանակներով փորձում են մեր բերանը փակել, և դա միշտ է այդպես եղել՝ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ժամանակ, և հիմա նույնպես (ժպտում է): Այնպես որ, կարծում եմ՝ դա մի ամսում հասունացած պրոցես չէր, ինչպես որոշ մարդիկ փորձում են ներկայացնել, դա իրականում երկար տարիներ մարդկանց գիտակցության մեջ ձևավորված պատկերացումների, քաղաքացիական հասարակության կայացման հետևանք էր, որը դրսևորվեց ի վերջո Սերժ Սարգսյանի հրաժարականով և այս փոփոխություններով:

 

 

Կարող եք ասել իհարկե, որ տարբեր լրատվամիջոցներ տարբեր դերակատարում են ունեցել, բայց կարծում եմ՝ իրական լրագրողական աշխատանքը, երբ այն անաչառ հայացքով նայում և արձանագրում է իշխանության սխալներն ու գնում դրանց հետևից, բացահայտումներ ու հետաքննություններ է անում ու ցույց տալիս, թե ինչպես է իշխանությունը չարաշահում իր լիազորությունները, հենց այդպիսի աշխատանքն է բերել ու հասունացրել այս օրը:

-Արդյո՞ք ցանկալի էոր լրագրողը աշխատանքից դուրս արտահայտի իր ունեցած անձնական դիրքորոշումըթեպետք է չեզոք մնաքանի որ իր կարծիքը ընկալվելու է որպես իր ներկայացրած ԶԼՄ−ի դիրքորոշում:

−Մի կողմից՝ լրագրողը ռոբոտ չէ, պարզապես սղագրող ու տեղեկատվություն փոխանցող չէ, և որքան էլ նրանից օբյեկտիվություն, անաչառություն պահանջնենք ու ակնկալենք պարզապես կապող օղակ լինել տեղեկատվության ու հանրության միջև՝ առանց իր անձը ցույց տալու, դա անհնար է, ես դրանում վաղուց եմ համոզվել: Անհատն ի վերջո կարծիք հայտնելու, ինչ-որ բանից ոգևորվելու ու տխրելու իրավունք ունի, և չես էլ կարող դրա վրա ազդեցություն գործել: Հեղափոխության ընթացքում այնքան շատ ոգևորվածություն և էներգետիկա կար, որ փոխանցվում էր բոլորին, և մի կողմից՝ դա նպաստում էր լրագրողների աշխատանքին ու նրանք ոգևորվածությամբ աշխատում էին, բայց մյուս կողմից՝ իրենց հրապարակումներում դա արտացոլվում էր, ինչը հնարավոր չէր զսպել: Ես դա նորմալ եմ համարում, մոտ մեկ ամիս բոլորս ոչ սովորական վիճակում ենք եղել ու աշխատել, և զգացմունքային դրսևորումները նորմալ եմ համարում ու չեմ կարծում, որ մենք այդ փուլում շատ ենք շեղվել լրագրողական կանոններից:

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, ներկայիս իրավիճակը:

 

 

−Շատ բարդ ու լուրջ իրավիճակում ենք հայտնվել, որովհետև հասարակությունը դեռ չի հանդարտվել ու ամբողջապես դուրս չի եկել զգացմունքային դաշտից, և իշխանության եկած մարդկանց հասարակությունը պաշտում ու փառաբանում է և մեզնից էլ պահանջում ևս պաշտել ու փառաբանել նրանց: Բայց մենք չենք կարող դադարեցնել մեր գործունեությունը, և եթե աշխատում ես, պարտավոր ես հասարակությանը ներկայացնել թե լավը, թե վատը, թերություններն ու կատարվող սխալ քայլերը: Ի վերջո մենք նաև հասարակության մեջ սթափեցնելու դերակատարում ունենք: Իհարկե՝ նոր իշխանությունից տնտեսական հաջողություններ ու հրաշքներ չենք կարող ակնկալել կարճ ժամանակում, բայց պետք է բարձրաձայնենք կատարվող սխալների մասին: Ես հասկանում եմ, որ մարդկանց մի հատված դեռ արդարացնում է նոր իշխանությունների բոլոր քայլերն ու ներում սխալները,  բայց կան նաև մտածող մարդիկ, ովքեր այլ բան են ակնկալում, և իշխանությունները պարտավոր են դա հաշվի առնել:

 

 

aram-ned

Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Արամ Աբրահամյանի կարծիքով՝ ընդհանուր առմամբ համացանցային լրատվամիջոցները ազատ էին լուսաբանել այնպես, ինչպես ցանկանում էին, և որևէ ճնշում չեն զգացել:

-Նախ՝ տեխնիկապես մի քանի լրատվամիջոցներ առաջ էին մնացածներից՝ «Ազատություն» ռադիոկայանը, 1in.am-ը, Factor TV-ն, PARA TV-ն, ինչը շատ լավ դրսևորվեց այս ընթացքում հենց ակցիաների վայրերից ուղիղ եթերներ ապահովելու առումով: Կարծում եմ՝ իսկապես գերազանց են աշխատել, և այն, որ հեղափոխությունն այդքան  հաջող ձևով ընթացավ, դրանում այդ լրատվամիջոցների վաստակը կա: Մնացածները, այդ թվում՝ «Առավոտ»-ը, աշխատում էին հետ չմնալ այդ բարձր տեխնոլոգիական մակարդակից և փորձում էին հավասարակշռություն պահպանել նախկին իշխանության պաշտոնական տեղեկատվության և հեղափոխականների ակցիաների միջև: Ներկայացնել միայն այն, որ մարդիկ խաղաղ ակցիա են անում՝ փակելով ճանապարհները, իսկ վատ ոստիկանները նրանց փորձում են այդ ճանապարհներից հանել, այդ տենդենցը բնականաբար կար, և դա համապատասխանում էր հասարակության ճնշող մասի այն կարծիքին, որ լավ մարդիկ դուրս են եկել փողոցները փակելու, իսկ վատ ոստիկանները նրանց խանգարում են: Բայց ես կարծում եմ, որ առավել հավասարակշռված լրատվամիջոցները փորձում էին ցույց տալ, որ դա այնուամենայնիվ այդպես չէ, և որ ոստիկանները իրավունք ունեն բացելու ճանապարհներն ու ապահովելու երթևեկության բնականոն ընթացքը:

 

 

-Հանրությունն այդպիսի արձագանքները այդքան էլ չէր ողջունում…

−Որոշակի տարբերություն կա, որն ի վնաս մեզ է աշխատում, մեզ ավելի քիչ են սիրում, քան ուղղակի հեղափոխական քարոզչություն տանողներին, բայց կարծում եմ՝ լրատվամիջոցները միայն սիրվելու համար չեն, նրանք տեղեկատվություն հասցնելու համար են, և նաև զսպվածության ու բանականության տրամադրություններ ստեղծելու համար են:

-Ինչպե՞ս  պետք է աշխատի մամուլը հանրության մեջ իրապես հանդուրժողականության մթնոլորտ ստեղծելու համար:

-Եթե կարճ ասեմ, լուրջ լրագրողների ու լուրջ լրատվամիջոցների դերը այդ հարձակումներն և ֆեյսբուքյան «պատժիչ բրիգադների» գործունեությունը անտեսելն է: Դա շատ դժվար է իհարկե, որովհետև կախված ես ընթերցողների քանակից ու նրանց տրամադրություններից, բայց, կարծում եմ, ճիշտը բոլոր իրավիճակներում սկզբունքը պահելն է: Բայց նաև լավ լուր ասեմ՝ դա կանցնի: Ես տեսնում եմ արդեն 3-րդ հեղափոխությունը: 1990թ-ին, երբ ցանկացած քննադատություն ՀՀՇ-ի հասցեին ընկալվում էր որպես կոմունիստների ռևանշի ու հակահեղափոխության դրսևորում, 1998թ-ին, երբ ցանկացած քննադատություն Ռոբերտ Քոչարյանի հասցեին կրկին ընկալվում էր որպես ՀՀՇ-ի ռևանշ ու հակահեղափոխություն: Էյֆորիայի ու նաև պարանոյայի այս դրսևորումները անցողիկ են, և մի քանի ամիս պետք է համբերել պարզապես:

 

 

satik-3

Սաթիկ Սեյրանյան -«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիրՀՀ Ժուռնալիստների միության նախագահ

Սաթիկ Սեյրանյանի համոզմամբ՝ դեռևս լիարժեք գնահատված չէ, թե ինչպիսի դերակատարում ունեցավ մամուլն այս գործընթացներում, բայց իրականում այդ դերակատարումը չափազանց մեծ էր:

−Եթե հեղափոխական այդ գործընթացի ժամանակ չլիներ մամուլը, հասարակության մեջ անորոշության, խուճապի զգացում կլիներ. մարդիկ ամեն վայրկյան լրագրողների աշխատանքի շնորհիվ տեղեկանում էին դեպքերի, իրադարձությունների մասին, միանում էին անհնազանդության գործողություններին: Մամուլի դերը հսկայական էր նաև նրանում, որ մեծ բախումներ չեղան, որովհետև հասարակությանն անընդհատ և տարբեր վայրերից ինֆորմացիա էր տրվում, ականատեսի աչքով հետևում էին իրադարձություններին, իրազեկվում էին՝ նույնիսկ հանրապետությունով մեկ այս կամ այն փողոցի փակ կամ բաց լինելու մասին, լսում էին մեկնաբանություններ, կարծիքներ…

 

 

Հիմա, երբ հետևում եմ  հեղափոխությամբ իշխանության եկած որոշ անձանց պահվածքին սոցիալական ցանցերում, մտածում եմ, որ որոշ նոր դեմքեր շատ արագ մոռացան մամուլի դերն այս ամենում: Այս օրերին մամուլի ներկայացուցիչներով մասնավոր զրույցներում բազմիցս քննարկել ենք այս խնդիրը, և որոշ խմբագիրներ ու լրագրողներ արդեն նաև հրապարակավ խոսում են այն մասին, որ շատ արագ մոռացվեց, որ հենց այս նույն մամուլի շնորհիվ հասարակությունն իրազեկվեց, կարողացավ լիարժեք ինֆորմացիա ստանալ, թե ինչ է կատարվում՝ այս կամ այն ձևաչափով միանալով շարժման գաղափարակիրներին: Ավելին, մինչ այս հեղափոխական գործընթացները այսօր կառավարությունում պորտֆել ստացած անձանցից շատերը հենց այս նույն մամուլի շնորհիվ կարողացան քիչ թե շատ ճանաչելի դառնալ, իրենց տեսակետներն արտահայտել, իրենց գործունեության, ծրագրերի մասին պատմել: Մամուլը հասարակական սեկտորի բազմաթիվ ներկայացուցիչների համար տարիներ շարունակ ներկայանալու և տեսակետ արտահայտելու հսկայական հարթակ է հանդիսացել: Այդ էր նաև պատճառը, որ նրանցից շատերը, հետագայում հայտնվելով Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակում, արդեն ճանաչելի էին հասարակության տարբեր շերտերի կողմից, որովհետև մամուլի շնորհիվ հանրային դեմքեր էին դարձել:

-Փոփոխություններ տեսնո՞ւմ եք իշխանությունների կողմից մամուլի հետ աշխատանքում:

-Հիմա բավական բարդ շրջան է, որն, իհարկե, նաև բնորոշ է հետհեղափոխական հասարակություններին: Ինձ սկսեցին մտահոգել նորանշանակ որոշ նախարարների այն հայտարարությունները, թե իրենց դեմ տարբեր հրապարակումներով մամուլի այս կամ այն միջոցով պատվեր են կատարում: Անկեղծ ասած՝ մենք՝ լրագրողներս, իմունիտետ ենք ձեռք բերել այդ ձևակերպման նկատմամբ. որևէ իշխանություն կամ իշխանության առանձին ներկայացուցիչ, երբ այլևս որևէ փաստարկ չի ունեցել, լրատվամիջոցին կամ լրագրողին մեղադրել է այս կամ այն պատվերը կատարելու մեջ: Բնականաբար որևէ իշխանություն լրատվամիջոցների ներկայացուցիչներին չի սիրել և չի սիրելու, և եթե որևէ մեկի մասին այս կամ այն փաստերի հիմնավորմամբ նյութ է հրապարակվում, դա որպես պատվեր են որակում և դրանց հետևում ինչ-որ մարդկանց են տեսնում, դավադրության տեսություններ հյուսում: Այո, լրագրությունը ինչ-որ տեղ սուբյեկտիվ տարրեր պարունակում է, որովհետև լրագրողը ևս մարդ է, կարող է նաև սխալ ունենալ, առավել ևս լրագրողի բարդ աշխատանքը, օբյեկտիվությունը պայմանավորված  է բազմաթիվ հանգամանքներով՝ ինֆորմացիայի և փաստերի ձեռքբերում, բոլոր կողմերի տեսակետների համադրում, փաստերի ստուգում, օպերատիվություն և այլն: Բայց երբ լրագրողին մեղադրում են պատվեր կատարելու մեջ, հակադարձ հարցն է առաջանում՝ իսկ դու ո՞վ ես, որ քո դեմ որևէ մեկը պատվեր տա:

Պարտաստ եղեք, որ լրագրողները նույն կերպ քննադատելու են նաև ձեզ, ինչպես ժամանակին արվել է նախորդ բոլոր իշխանությունների ու քաղաքական ուժերի, քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային գործիչների նկատմամբ: Այն մարդիկ, ովքեր քաղաքական փորձ չունեն ու ճանապարհ չեն անցել, և այսօր պաշտոններ են զբաղեցնում, թող չմոռանան, որ այս նույն մամուլի շնորհիվ են իրենք եկել հանրային հարթակ, այդ մամուլի շնորհիվ է հանրությունը տեսել նախկինում ՀՀՇ-ականների, հետագայում՝ հանրապետականների, կամ դաշնակցական, «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ նախարարների, այլ չինովնիկների գործունեության լավ և վատ կողմերը, այն կոռուպցիոն դրսևորումները, որոնց մասին իրենք խոսում էին թավշյա հեղափոխության հարթակից և այսօր՝ նախարարական աթոռներից:

Մամուլի միջոցով է իրականությունը, երկրի առջև ծառացած խնդիրները, կոռուպցիոն դրսևորումները ներկայացվել հանրությանը:  Հույս ունեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մամուլի, խոսքի ազատության կայացման գործում իր ուրույն դերակատարությունն է ունեցել, այս հարցի նկատմամբ բավական ուշադիր կլինի, որովհետև չի կարելի մամուլի դաշտում «մերոնքականների» ու «ձերոնքականների» տարբերակում դնել, և լավ կլինի, որ նոր նշանակված անձանց զգուշացվեր զերծ մնալ նման հայտարարություններից:

 

 

-Իսկ ո՞րն է մամուլի դերը հանրության շրջանում իսկապես հանդուրժողականության մթնոլորտ հաստատելուգործումհանդուրժողականություն թե հնչող քննադատությունների, թե այլակարծության հանդեպ ընդհանրապես:

−Դա մամուլի գործը չէ: Մեր պրոֆեսիոնալ պարտքն է՝ երկրում կատարվող իրադարձությունների մասին ժամանակին,  համալիր կերպով իրազեկելը ընթերցողներին, ռադիոլսողներին, հեռուստադիտողներին, ինչպես նաև՝ ոլորտային խնդիրների վերհանումը, գոյություն ունեցող տեսակետների, կարծիքների փոխանցումը: Մեդիան քարոզչամիջոց չէ, լրագրողներն էլ քաղաքական գործիչներ չեն: Ինչպես որևէ մասնագիտության դեպքում՝ բարեխիղճ, պրոֆեսիոնալ  աշխատանքն է կարևոր: Մամուլի խնդիրը չէ՝ այս կամ այն քաղաքական գործընթացների կամ հասարակության վրա ազդելը,  մարդկանց ուղղորդելը, այսպես ասած՝ «ուղեղներ լվանալը». դրանք մանիպուլիացիաներ են: Մեդիան պետք է շարունակի աշխատել այնպես, ինչպես աշխատել է՝ մանագիտական բարեխղճության և էթիկայի, օրենքի սահմաններում:

Հիմա փոքր-ինչ մեդիայի և ոչ մեդիայի սահմանները խախտվել են, որովհետև, օրինակ,  հասարակական կազմակերպությունները, որոնք նաև կայքէջ ունեն, հանդես են գալիս որպես մեդիա: Պետք է իրենք իրենց համար առաջին հերթին ճշգրտում կատարեն՝ լրատվամիջո՞ց են, հասարակական սեկտորի աշխատող կազմակերպությո՞ւն, քաղաքական գործի՞չ… Դրանից բխող հարցեր են կուտակվել լրագրողական դաշտում, գործառույթներ են խառնվել. լրագրողը իրավունք չունի ներխուժել դպրոց կամ որևէ այլ հաստատություն և հարձակվել նույնիսկ ամենահանցագործ տնօրենի, ուսուցչի, բուժաշխատողի վրա և բացատրություններ պահանջել: Մենք, լրագրողներս, դատավորներ չենք, ոչ էլ քննչական մարմիններ, ոչ էլ առավել ևս՝ աստվածներ: Կան պատասխանատու գերատեսչություններ, իրավապահ մարմիններ, թող վերջիններս էլ զբաղվեն խնդրով և հանցանք կատարած կամ չկատարած անձանցով: Մեր խնդիրն է՝ վերհանել խնդիրները, բացահայտել փաստերն ու իրազեկել հանրությանը, համապատասխան մարմիններին: Մենք չորրորդ իշխանություն ենք, ունենք մեր մասնագիտական էթիկայի կանոնները, գոյություն ունի օրենք, իսկ լավագույն բանը, որ կարող ենք անել, մեր ոլորտում բարեխիղճ աշխատելն է: Իշխանություններից պահանջվում է՝ նաև ԶԼՄ հրապարակումներին արձագանքել և բարձրացված խնդիրերին, բացահայտված կոռուպցիոն երևույթներին ընթացք տալ: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, որ հեղափոխություն է տեղի ունեցել:

 

 

ara-tad-ed

 

 

Արա Թադևոսյան — «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն

Արա Թադևոսյանը վստահ է՝ հեղափոխությունը նման ընթացք չէր ունենա, եթե չլիներ ուղիղ եթերների ապահովումը, որովհետև հեղափոխությունը հենց ուղիղ եթերում էր տեղի ունենում, և հազարավոր մարդիկ Հայաստանում ու Սփյուռքում հնարավորություն ունեին գրեթե ամեն մանրուք դիտել ու հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

-Բայց կարծում եմ, որ որոշակի խնդիրներ կան մամուլի գործունեությունում հենց հանրության շրջանում կարծիքի ու վերաբերմունքի ձևավորման առումով: Հեղափոխական էյֆորիայից հետո, երբ հին իշխանությունը հեռացավ, ու նոր իշխանությունն առաջին քայլերն է անում, մարդիկ կարիք ունեն լսելու այն մարդկանց կարծիքներն ու մոտեցումները, ովքեր մասնակից չեն քաղաքական գործընթացներին: Մեկնաբանությունների մեծ մասը արվում են կողմ և դեմ սկզբունքով, և շատ քիչ են փորձերը իսկապես վերլուծելու իրավիճակն ու գնահատելու առկա ռիսկերը: Այստեղ, կարծում եմ, անելիքներ կան, և պետք է իսկապես փորձենք ուժեղացնել այդ ուղղությունը, վստահ չեմ, որ կստացվի, բայց այդ առումով մեդիայի դերը շատ կարևոր ու որոշիչ է: Մեդիան է, որ կարող է որոշակիորեն չեզոք կողմ հանդես գալ և բոլոր կարծիքները ներկայացնել, որպիսի այն մարդիկ, ովքեր գաղափարապես ոչ հին և ոչ էլ նոր իշխանությունների կողմից չեն, ունենան ինչ-որ մի հենք՝ որոշակի դատողություններ անելու համար:

-Ինչպե՞ս պետք է աշխատի մամուլը քննադատության ու այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն հաստատելու հարցում:

 

 

-Կարծում եմ՝ այս հարցում հեծանիվ հորինելու ոչ կարիք կա, ոչ էլ հնարավորություն, և մեդիան ու մամուլը պետք է ուղղակի փորձեն չդառնալ կողմ: Հեղափոխության ընթացքում մենք տեսանք, որ շատ լրատվամիջոցներ հանդես էին գալիս որպես կողմ, և շատ լրագրողները ավելի շատ ակտիվիստի ու հեղափոխականի դերում էին հանդես գալիս, քան լրագրողի: Դա հասկանալի է՝ երևի դժվար է այդպիսի միջավայրում չեզոքությունը պահել: Բայց հիմա, երբ հեղափոխության ակտիվ փուլն արդեն անցել է, կողմ դառնալը ուղղակի հակասում է մամուլի և մեդիայի արմատական սկզբունքներին: Կարծում եմ՝ բոլորին էլ այժմ խոսելու հնարավորություն պետք է տալ, այսինքն՝ երբ ինչ-որ բացահայտում է արվում, այս կամ այն պաշտոնյան կոռուպցիայի, փողերի լվացման և այլ չարաշահումների մեջ է մեղադրվում, պետք է այդ անձնանց նույնպես արտահայտվելու, ինքնապաշտպանվելու հնարավորություն տալ: Ցավոք, ինչպես տեսնում ենք, այժմ լրատվամիջոցները շատ հաճախ փորձում են իրենց իրավապահ մարմինների, դատական իշխանության լիազորություններ վերապահել, բայց մենք գիտենք, որ անմեղության կանխավարկած գոյություն ունի, և քանի դեռ չկա դատարանի որոշում, չի կարելի պնդում անել, որ այս կամ այն անձը հանցագործություն է կատարել:

Այդ առումով բախվում ենք վերջին տարիներին առաջացած ամենակարևոր խնդրին, որը պրոֆեսիոնալիզմի պակասն է, գրված ու չգրված որոշակի օրենքների չիմացությունը կամ միգուցե դրանցով առաջնորդվելու ցանկության բացակայությունը: Իհարկե կան նաև օբյեկտիվ գործոններ. մենք ապրում են սոցիալական կայքերի դարաշրջանում, և հիմա դժվար է տարանջատել՝ ինչը գրեցին լրատվամիջոցները, և ինչը գրեց այս կամ այն մարդն իր ֆեյսբուքյան էջում, իսկ որոշ կայքեր այդ գրառումը վերատպեցին և այլն:

-Ինչպե՞ս եք վերաբերում այն փաստին, որ մամուլի լուսաբանման համար որպես աղբյուր ավելի շատ են սկսում հանդես գալ սոցիալական ցանցերը:

 

 

-Միանշանակ գնահատական դժվար է տալ: Օրինակ մեզ մոտ՝ «Մեդիամաքսում», ֆեյսբուքը մեծամասամբ որպես տեղեկատվական առիթ է հանդես գալիս, եթե տեսնում ենք այս կամ այն իրադարձության մասին ինչ-որ գրառում, մենք սկսում ենք գնալ դրա հետքերով, մեր ոճը հիմնականում այդպիսին է: Շատ հազվադեպ է լինում, երբ ինչ-որ գրառում ենք արտատպում, միայն այն դեպքերում, երբ շատ կարևոր անձի մասին է խոսքը, իսկ թեման էլ մեծ հնչեղություն ունի: Ցավոք՝ մենք շատ կայքեր ունենք, որոնք հիմնականում իրենց համար մի խումբ անձանց են առանձնացնում և հետևում նրանց գրառումներին: Դա արդեն լրագրություն չէ, կարծում եմ՝ չափի մեջ պետք է լինի այդ ամենը: Բնականաբար՝ չենք կարող անտեսել այն, որ ակտիվ մարդկանց մեծ մասը գործում է ֆեյսբուքում, բայց նաև լրագրողները պետք է հասկանան, որ լրագրությունը գրառումները վերատպելու մեջ չէ, միայն ձայնագրիչ պահելն ու ասուլիսներից  մարդկանց խոսքը թղթին հանձնելը չէ: Կարծում եմ՝ եթե այդ ամենը չափի մեջ լինի, ֆեյսբուքն ու մնացած առցանց միջոցները շատ հարմար միջոց կլինեն աշխատելու, բացահայտումներ անելու համար:

 

 

Be the first to comment on "«Հեշտ չի եղել, որովհետև ոչ մի իշխանության հաճելի չէ մամուլի քննադատությունը, և բոլոր հնարավոր եղանակներով փորձում են մեր բերանը փակել, և դա միշտ է այդպես եղել՝ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ժամանակ, և հիմա նույնպես»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ