Ղարաբաղում 2-րդ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է. Քոչարյանի կողմից համաձայնեցված «Ընդհանուր պետության» տարբերակի ամբողջական տեքստը

 

 

Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանք առաջադրելուց հետո նախկին իշխանության ներկայացուցիչները, նրանց որոշ կողմնակիցներ եւ մի խումբ քոչարյանականներ նորից սկսեցին շահարկել ԼՂ հիմնախնդիրը:

Նորից սկսեցին իրենց իսկ հորինած ու ժամանակին շրջանառության մեջ դրված տեղեկատվական ստի ակտիվ տարածումը՝ կապված «հողերի» հետ:

Ու ոչինչ, որ իշխանափոխությունից հետո ԼՂ հարցով որեւէ զարգացում կամ բանակցություն չի եղել, որ այս պահին բանակցային սեղանին դրված փաստաթուղթը դեռեւս այն է, որը քննարկվել ու համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի օրոք:

Հանկարծ որտեղից որտեղ «արթնացան» մի խումբ անձինք ու սկսեցին աջ ու ձախ հայտարարել, թե՝ հարա՜յ, փրկեցե՜ք, հողերը տալիս են: Անգամ հաջողեցրել են այդ համատեքստում մի քանի հանրահավաք անցկացնել Արցախում:

Ու բնականաբար, ամբողջ այս տեղեկատվական ստի մեխը մեկն է՝ մինչեւ Քոչարյանի ու Սարգսյանի իշխանությունը «հողերը տալիս էին» («հողերը տալ» ասելով՝ նկատի ունեն փոխզիջումային տարբերակով բանակցությունների պատրաստակամությունը),  իրենք իշխանության եկան ու ոչ մի հող էլ չէին տալիս, ավելի՛ն,  Արցախին այդքան բաղձալի անկախություն էին, իբր, գրեթե բերում, հիմա իրենք չկան, ու էլի հողերը տալիս են:

Հիմա տեսնենք, թե որն է խնդիրը: Երբ մարդիկ հակադարձում են այս անձանց եւ հատկապես այսօր չեղած  բանի դեմ կռիվ տվող նախկին ու ներկա պաշտոնյաներին՝ թե եթե դուք «ոչմիթիզական» եք ու դեմ եք փոխզիջումային տարբերակով ցանկացած հանգուցալուծման, բա որտե՞ղ էիք տարիներ շարունակ, երբ նույն Քոչարյանն ու Սարգսյանը փոխզիջումային տարբերակով բանակցություններ էին վարում, պատասխանները բնականաբար, լղոզված են լինում՝ չի եղել նման բան՝ իբր:

Բայց ամեն ինչ, ինչպես ասում են՝ ասելով չէ: Կան փաստաթղթեր, եւ դրանք հակառակն են վկայում: Այնպես որ, այս շարքով մենք որեւէ մեկնաբանություն չենք ներկայացնելու Քոչարյանի եւ Սարգսյանի կողմից բանակցված փաստաթղթերի վերաբերյալ, մենք ներկայացնելու ենք միայն այդ փաստաթղթերը:

ԼՂ հիմնախնդրի կարգավորվմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն իր կայքում ժամանակին հրապարակել է բանակցված բոլոր այն փաստաթղթերը, որոնք այս կամ այն պահից այս կամ այն պատճառով չեն իրականացվել, եւ որոնց փոխարինելու են եկել այլ առաջարկներ:

Առաջինը հրապարակում ենք Ռոբերտ Քոչարյանի կողմից՝ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո համաձայնության արժանացած բանակցային այն փաստաթուղթը, որը հայտնի է «Ընդհանուր պետություն» անունով:

Այն երեք կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին ներկայացվել է 1998 թվականի նոյեմբերին: Այս փաստաթուղթը Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը (ՀՀ անունից Ռոբերտ Քոչարյանը, ԼՂ անունից Արկադի Ղուկասյանը) ընդունել են որպես բանակցությունների հիմք, իսկ Ադրբեջանը մերժել է:

Ստորեւ ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ՝ (հայերենը՝ մեր թարգմանությամբ, եւ Վլ. Կազիմիրովի կողմից հրապարակված ռուսերեն տեքստը)՝ առանց մեկնաբանությունների: Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:

 

****

Փաստաթուղթ համար 18

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն

Լեռնային Ղարաբաղի զինված հիմնախնդրի համապարփակ կարգավորման սկզբունքների մասին

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան ՝ ներառյալ պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները, խաղաղ կարգավորելու վճռական տրամադրվածությամբ՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը համաձայնում են հետեւյալի շուրջ:

I

Համաձայնագիր՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին

Կողմերը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ համաձայնություն են կնքում, որը ներառելու է հետեւյալ դրույթները.

Լեռնային Ղարաբաղը Հանրապետության տեսքով պետական եւ տարածքային կազմավորում է եւ ընդհանուրպետություն է ձեւավորում Ադրբեջանի հետ՝ վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը կառավարման ենթակայությունների բաժանման եւ համապատասխան պետական իշխանության մարմինների միջեւ լիազորությունների փոխադարձ փոխանցման մասին համաձայնագիր կկնքեն, որը կունենա սահմանադիր օրենքի ուժ:

Համատեղ կառավարման ոլորտին առնչվող քաղաքականությունն ու գործունեությունը որոշելու համար Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը՝ նախագահների, վարչապետների, խորհրդարանների նախագահների ներկայացուցիչների ներգրավմամբ, ձեւավորում են Համատեղ Կոմիտե:

Շփումներն ու համատեղ գործողությունները համակարգելու համար Բաքվում եւ Ստեփանակերտում ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի համապատասխան ներկայացուցչություններ:

Լեռնային Ղարաբաղը առեւտրատնտեսական, գիտական, մշակութային, մարզական եւ հումանիտար ոլորտներում արտասահմանյան պետությունների եւ այդ ոլորտներին առնչվող տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ ուղիղ արտաքին շփումների իրավունք կունենա՝ արտասահմանում համապատասխան ներկայացուցչությունների միջոցով:

Լեռնային Ղարաբաղի քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները իրավունք կունենան կապեր հաստատել արտասահմանյան պետությունների քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների հետ:

Լեռնային Ղարաբաղը մասնակցում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության իրականացմանը՝ այն հարցերումորոնք առնչվում են իր շահերինԱյդպիսի հարցերով որոշումները չեն կարող կայացվել առանց երկու կողմերիհամաձայնության:

Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կարող է ներկայացուցիչներ ունենալ Ադրբեջանի դեսպանատներում եւհյուպատոսություններում արտասահմանյան այն երկրներումորտեղ ունի հատուկ շահերինչպես նաեւադրբեջանական պատվիրակությունների կազմ գործուղել իր փորձագետներին՝ միջազգային բանակցություններինմասնակցելու համարեթե դրանք առնչվում են Լեռնային Ղարաբաղի շահերին:

Լեռնային Ղարաբաղի սահմանները համապատասխանելու են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար ՄարզիսահմաններինԴրանց հնարավոր հստակեցումներն ու փոփոխությունները կարող են հատուկ պայմանավորվածությունների առարկա լինել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:

Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ սահմանները փոխադարձ բաց կլինեն միմյանց անզեն քաղաքացիների ազատ տեղաշարժի համար: Ճամփորդությունների ժամանակ եւ գործնական շփումներ իրականացնելիս նրանք չեն վճարում մաքսային եւ այլ տուրքեր: Մշտական բնակության իրավունքի տրամադրումը համապատասխան կառավարությունների իրավասությունների շրջանակներում կլինի:

Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը վեճերի կարգավորման համար չեն կիրառելու ուժ կամ ուժի կիրառման սպառնալիք: Համատեղ Հանձնաժողովի համար  անհարթելի վեճերի կամ տարաձայնությունների ծագման պարագայում  կողմերը կարող են խորհրդատվական կարծիքի համար դիմել ԵԱՀԿ գործող նախագահին, եւ այդ կարծիքը հաշվի է առնվելու վերջնական որոշում կայացնելիս:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ներառելու է նաեւ ներքոհիշյալ իրավունքները եւ արտոնությունները, այնպես, ինչպես դրանք ձեւակերպված կլինեն Մինսկի կոնֆերանսի կողմից հաստատված «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» համաձայնությամբ:

1. Լեռնային Ղարաբաղը կունենա սեփական Սահմանադրությունը՝ հանրաքվեի միջոցով ընդունված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից: Այդ Սահմանադրությունն ընդգրկելու է «Լեռնային Ղարբաաղի կարգավիճակի մասին» համաձայնագրի դրույթները: Ադրբեջանը, համապատասխանաբար, այդ համաձայնագրի ներառման համար փոփոխություններ է կատարելու իր Սահմանադրության մեջ: Այդ համաձայնագրի դրույթները, կամ ղարաբաղյան ու ադրբեջանական սահմանադրությունների այն հատվածները, որոնք այն ներառելու են, չեն կարող փոփոխվել՝ առանց բոլոր երեք կողմերի համաձայնության:

2. Լեռնային Ղարաբաղի տարածքում գործելու են Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունն ու օրենքերը: Ադրբեջանի տարածքում գործող օրենքները, կանոններն ու գործադիր որոշումները գործում են Լեռնային Ղարաբաղի տարածքում, եթե դրանք չեն հակասում Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությանն ու վերջինիս օրենքներին:

3. Լեռնային Ղարաբաղն ունենալու է սեփական դրոշը, օրհներգն ու զինանշանը:

4. Լեռնային Ղարաբաղը՝ սեփական Սահմանադրությանը համապատասխան, ինքնուրույն է ձեւավորում իր օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինները:

5. Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները որպես անձը հաստատող փաստաթուղթ ունենալու են Ադրբեջանի անձնագիր՝«Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշմամբ: Միայն Լեռնային Ղարաբաղի կառավարությունը կամ նրա կողմից լիազորված մարմինն է իրավունք ունենալու տրամադրել նման անձնագրեր:

Լեռնային Ղարաբաղի հայկական ծագմամբ քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան եւ մշտականբնակության համար տեղափոխման դեպքում ստանալ հայկական քաղաքացիություն՝ այդ երկրի օրենսդրությանըհամապատասխան:

6Լեռնային Ղարաբաղի բնակչությունն իրավունք ունի ներկայացուցիչներ ընտրել Ադրբեջանի խորհրդարան եւմասնակցել Ադրբեջանի նախագահի ընտրություններին:

7. Լեռնային Ղարաբաղը կլինի ազատ տնտեսական գոտի, իրավունք կունենա թողարկել սեփական արժույթը, որը գործածության մեջ կլինի ադրբեջական արժույթի հետ միասին, ինչպես նաեւ թողարկել սեփական դրոշմանիշներ:

8. Լեռնային Ղարաբաղը ազատ եւ անարգել տրանսպորտային հաղորդակցության եւ կապի իրավունք կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի հետ:

9. Լեռնային Ղարաբաղը կունենա ազգային գվարդիա (անվտանգության ուժեր) եւ ոստիկանական ուժեր, որոնք կձեւավորվեն կամավորության սկզբունքով: Այդ ուժերը չեն կարող գործել Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս՝ առանց Ադրբեջանի համաձայնության:

10. Ադրբեջանի բանակը, անվտանգության ուժերը եւ ոստիկանությունը իրավունք չեն ունենա մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համաձայնության:

11. Հայերենը հիմնական պաշտոնական լեզուն է Լեռնային Ղարաբաղումիսկ երկրորդ պաշտոնական լեզունադրբեջաներենն է: Դրա քաղաքացիները կարող են նաեւ գործածել այլ մայրենի լեզուներ՝ բոլոր պաշտոնական եւ ոչ պաշտոնական դեպքերում:

12. Լեռնային Ղարաբաղի բյուջեն կազմավորվելու է սեփական աղբյուրներից հավաքված միջոցներից: Լեռնային Ղարաբաղի կառավարությունը խրախուսելու եւ երաշխավորելու է ադրբեջանական եւ արտասահմանյան ընկերությունների ու մասնավոր անձանց ներդրումները:

II

Լաչինի միջանցքի վերաբերյալ

Հայաստանի հետ անարգել հաղորդակցության նպատակով Լեռնային Ղարաբաղի կողմից Լաչինի միջանցքի օգտագործման հարցը առանձին պայմանավորվածության առարկա է, եթե Լաչինի միջանցքի հատուկ ռեժիմի վերաբերյալ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի համաձայնությամբ չեն ընդունվի այլ որոշումներ: Լաչինի շրջանը պետք է մշտապես ապառազմականացված գոտի լինի:

 

III

Շուշի քաղաքի եւ Շահումյանի շրջանի մասին

Կողմերը համաձայնում են, որ ադրբեջանցի բոլոր փախստականները կարող են վերադառնալ Շուշի՝ իրենց բնակության վայրերը: Նրանց անվտանգությունը երաշխավորվելու է Լեռնային Ղարաբաղի համապատասխան իշխանությունների կողմից: Նրանք Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիների հետ ունենալու են հավասար իրավունքներ, այդ թվում՝ քաղաքական կուսակցություններ հիմնադրելու, բոլոր մակարդակի ընտրություններում մասնակցելու, պետական օրենսդիր եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու, պետական ծառայության անցնելու, այդ թվում՝ իրավապահ համակարգում ծառայության անցնելու իրավունք:

Այդպիսի իրավունքներ կստանան նաեւ հայ փախստականները՝ Շահումյան քաղաք վերադառնալուց հետո:

Շուշի եւ Շահումյան քաղաքների բնակիչները մնացյալ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ կունենան ճանապարհների, կապի եւ հաղորդակցման այլ ձեւերի երաշխավորված հասանելիություն: Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի իշխանությունները աջակցելու են համապատասխանաբար Շուշի եւ Շահումյան քաղաքաներում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցչությունների տեղակայմանն ու գործունեությանը:

***

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» համաձայնագիրը ստորագրվելու է երեք կողմերի կողմից եւ ուժի մեջ է մտնելու Մինսկի կոնֆերանսի կողմից հավանության արժանանալուց հետո:

IV

Զինված հակամարտությունը դադարեցնելու մասին համաձայնագիր

Կողմերը համաձայնում են, որ զինված հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ համաձայնագիրը ներառելու է հետեւյալ դրույթները.

I. Կողմերը հրաժարվում են միմյանց միջեւ ծագած վեճերի ուժային կամ ուժի սպառնալիքով լուծումից: Նման վեճերը, ներառյալ այնպիսիք, որոնք կարող են ծագել «Զինված հակամարտության դադարեցման մասին» Համաձայնագրի կիրառման առնչությամբ, նրանք կարգավորում են խաղաղ միջոցներով, առաջին հերթին՝ ուղիղ բանակցությունների միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում:

II. Կողմերը դուրս են բերում իրենց զինված ուժերը հետեւյալ դրույթներին համապատասխան, ինչը մանրամասն շարադրված է Հավելված 1-ում:

Ա. Առաջին էտապում շփման գծի՝ Լեռնային Ղարաբաղից դեպի արեւելք եւ հարավ գտնվող հատվածներից ուժերը հետ են քաշվում, ըստ Հավելված 1-ի եւ այնտեղ նշված գրաֆիկի՝ հաշվի առնելով Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) առաջարկությունները՝ ռազմական տեսանկյունից հիմնավորված ժամանակավոր բուֆերային գոտում ԵԱՀԿ բազմազգ ուժերի առաջապահ ջոկատի նախնական տեղակայման համար հնարավորություն ստեղծելու, կողմերին այդ շփման գոտուց հեռացնելու եւ տեղակայման երկրորդ էտապի ժամանակ անվտանգությունն ապահովելու համար:

Բ. Երկրորդ էտապում զինված ուժերը դուրս են բերվում միաժամանակ եւ Հավելված 1-ում նշված գրաֆիկին համապատասխան՝ հետեւյալ կերպ.

(1) Հայաստանի ցանկացած տիպի զինված ուժերորոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետությանսահմաններից դուրսբերվում են այդ սահմաններից ներս:

(2) Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը բերվում են 1988 թվականի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄսահմանները՝ բացառությամբ Լաչինի շրջանի՝ մինչեւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգելհաղորդակցության հարցում համաձայնության հասնելը:

(3) Ադրբեջանական զինված ուժերը հետ են քաշվում Հավելված 1-ում նշված շփման գծերից՝ ԲՄՊԽ առաջարկություններին համապատասխան, եւ դուրս են բերվում Հայաստանի ցանկացած տարածքներից:

(4) Ծանր զինատեսակները դուրս են բերվում Հավելված 1-ում նշված տարածքից՝ ԲՄՊԽ առաջարկներին համապատասխան, ԵԱՀԿ խաղաղապահ առաքելության վերահսկողությամբ՝ հետեւելով այդ Հավելվածում ներկայացված թափանցիկության եւ հաշվետվողականության պահանջներին:

III. Ուժերի դուրս բերման արդյունքում ազատագրված տարածքը վերածվում է բուֆերային եւ բաժանարար գոտիների՝ հետեւյալ դրույթներին հանապատասխան, այնպես, ինչպես մանրամասն ներկայացված է Հավելված 2-ում:

Ա. Ուժերի դուրս բերման ավարտից հետո բուֆերային գոտին տեղակայվում է 1988 թվականի ԼՂԻՄ սահմաններիերկայնքով: Այն կարող է նաեւ անցնել Լաչինի շրջանի երկայնքով՝ հավելյալ համաձայնությունների պարագայում: Բուֆերային գոտին մնում է չբնակեցված եւ ամբողջովին ապառազմականացված՝ բացառությամբ ԵԱՀԿ խաղաղարար օպերացիայի տարրերի:

Բ. Բաժանարար գոտին ապառազմականացվում է՝ բացառությամբ ԽՕ գործողությունների համար թույլատրված ուժերի՝ մշտական խառը հանձնաժողովի հետ համագործակցությամբ, ինչպես մանրամասն ներկայացված է Հավելված 2-ում՝ ներառյալ.

(1) խաղաղարար օպերացիայի տարրեր

(2) ադբեջանական ստորաբաժանումներ` սահմանամերձ հսկողության եւ ականազերծման համար

(3) Ադրբեջանի քաղաքացիական ոստիկանություն, որի թվաքանակն ու թույլատրելի սպառազինությունը մատնանշված են Հավելված 2-ում:

Գ. Բուֆերային եւ բաժանարար գոտիներում ԵԱՀԿ խաղաղապահ օպերացիայի վերահսկողությամբ ստեղծվում է չվերթներից զերծ գոտի, որտեղ կողմերը չվերթներ չեն իրականացնում, ինչպես որ դա շարադրված է Հավելված 2-ում:

Դ. Հոդված II-ին համապատասխան՝ զինված ուժերի դուրս բերումից հետո Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից վերահսկվող բոլոր ոլորտների անվտանգությունն ապահովվում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության մարմինների կողմից:

IV. Համաձայն ԵԱՀԿ 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների՝ Կողմերը հրավիրում եւ աջակցում են ԵԱՀԿ խաղաղապահ բազմազգ օպերացիայի տեղակայմանը, որը գործելու է Մշտական խառը հանձնաժողովի եւ հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի հետ համագործակցությամբ: ԽՕ-ն հետեւելու է զինված ուժերի, ծանր տեխնիկայի դուրս բերման, ռազմական չվերթների չթույլատրման, ապառազմականացման ռեժիմի պահպանման ընթացքին եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ այնպես, ինչպես դա շարադրված է Հավելված 2-ում:

Խաղաղապահ օպերացիան ձեւավորվում է ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձեւի համաձայն՝ սկզբնական շրջանում ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով, եւ երկարաձգվում է ըստ անհրաժեշտության՝ ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկով: Կողմերը համաձայն են, որ խաղաղապահ բազմազգ օպերացիայի ընդհանուր տեւողությունը նվազագույնս անհրաժեշտ կլինի՝ կախված տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ հակամարտության համապարփակ կարգավորման իրականացման տեմպերից: Կողմերը ամբողջովին համագործակցում են ԽՕ-ի հետ՝ սույն Համաձայնագիրը կյանքի կոչելու եւ ցանկացած խափանում կամ խաղաղապահ օպերացիայի դադարեցումը կանխելու համար:

V. Կողմերն աջակցում են փախստականների եւ տեղահանված անձանց անվտանգ ու կամավոր վերադարձին՝ բաժանարար գոտում իրենց նախկին բնակության վայրեր, ինչպես որ դա շարադրված է Հավելված 2-ում: ԽՕ-ն՝ Մշտական խառը հանձնաժողովի հետ համագործակցությամբ, հետեւում է բնակչության վերադարձի անվտանգությանը՝ բոլոր կողմերի՝ այդ տարածքի ապառազմականացման ռեժիմի պահպանման վստահությանը նպաստելու համար: Կողմերը բանակցություններ են վարում սույն Համաձայնագրում հիշատակված անձանցից բացի, հակամարտության եւ 1987 թվականից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության արդյունքում փախստական դարձած կամ տեղահանված այլ անձանց անվտանգ եւ կամավոր վերադարձը իրականացնելու համար:

VI. Ուժերի դուրս բերման հետ մեկտեղ Կողմերը անհապաղ միջոցներ են ձեռնարկում ճանապարհների, երկաթուղու, էլեկտրահաղորդակցման եւ կապի ուղիների, առեւտրային եւ այլ հարաբերությունների բացման համար՝ ներառյալ բոլոր այն գործողությունները, որոնք անհրաժեշտ են այդ ամենին հնարավոր ամենակարճ ժամկետներում հասնելու համար՝ Հավելված 3-ում շարադրված գրաֆիկի եւ կոնկրետ դրույթների համապատասխան: Կողմերն ապահովում են այդ կապերի օգտագործումը բոլորի, այդ թվում՝ էթնիկ փոքրամասնությունների կողմից՝ վերջիններիս համար ապահովելով դեպի տարածաշրջանի այլ հատվածներում գտնվող իրենց էթնիկ համայնքները անարգել հասանելիություն: Կողմերը նրանց միջեւ ապահովում են ազատ եւ անվտանգ երկաթուղային հաղորդակցություն:

VII. Կողմերն ամբողջությամբ համագործակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտության պատճառով ազատազրկված անձանց շուտափույթ եւ անվտանգ վերադարձի, անհայտ կորած անձանց ճակատագրերի հետաքննության, բոլոր մասունքների՝ հայրենիք վերադարձի, առանց խտրականության հումանիտար օգնության տրամադրման եւ վերականգնման նպատակով իրենց կողմից վերահսկվող տարածքներով հակամարության ընթացքում տուժած շրջաններին օգնության տրամադրում: Կողմերը համագործակցում են ԵԱՀԿ ԽՕ-ի հետ՝ մշտական խառը հանձնաժողովի միջոցով՝ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների իրականացման համար:

VIII. Սույն համաձայնագրի՝ Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին առնչվող խնդիրների վերաբերյալ դրույթների իրականացմանը հետեւելու համար կողմերն անհապաղ հիմնում են Մշտական խառը հանձնաժողով (ՄԽՀ):

ՄԽՀ ղեկավարն է ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը՝ մեկ ադրբեջանցի եւ մեկ լեռնայինղարաբաղցի տեղակալներով: ՄԽՀ հիմնական պարտականությունը համաձայնագրի իրականացմանը հետեւելն է: ԵԱՀԿ ներկայացուցչի պարտականությունն է նաեւ տարաձայնությունների դեպքում միջնորդությունը եւ արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք, օրինակ՝ բնական աղետները, թույլատրված միջոցների ձեռնարկումը: ՄԽՀ-ն ունի ռազմական, տնտեսական, մարդասիրական եւ մշակութային ենթահանձնաժողովներ եւ կապի հարցերով ենթահանձնաժողով: ՄԽՀ-ի կառուցվածքը, գործառույթներն ու հանձնաժողովին վերաբերող այլ դետալներ շարադրված են Հավելված 4-ում:

IX. Կողմերն անհապաղ կազմավորում են հայ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողով (ՀԱՄՀ)՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային միջադեպերի կանխմանն աջակցելու, երկու երկրների սահմանապահ զորքերի եւ անվտանգության համապատասխան այլ ուժերի միջեւ հաղորդակցության հաստատման, ճանապարհների, երկաթուղու, կապի, խողովակաշարերի բացման, առեւտրային եւ այլ հարաբերություններ սկսելուն ուղղված միջոցառումներին հետեւելու եւ աջակցելու համար: ՀԱՄՀ-ն ունի երկու համանախագահ, մեկը՝ Հայաստանից, մյուսը՝ Ադրբեջանից: Հանձնաժողովում ընդգրկված է ԵԱՀԿ գործող նախագահի կողմից նշանակված ներկայացուցիչ: ՀԱՄՀ կառուցվածքը, գործառույթներն ու այլ մանրամասներ շարադրված են Հավելված 5-ում:

X. Տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ներառյալ՝ ռազմական թափանցիկությունը, ու ԵԱՀԿ համաձայնագրին լիակատար հետեւելու համար Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում երկկողմ եւ բազմակողմ բանակցություններ են սկսում:

XI. Յուրաքանչյուր կողմ ամբողջովին հարգում է մյուս Կողմերի եւ նրանց բնակչության անվտանգությունը: Կողմերը պարտավորվում են իրենց ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերություններ զարգացնել, նպաստել առեւտրին եւ նրանց միջեւ նորմալ փոխգործակցությանը եւ զերծ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել սույն Համաձայնագրի իրագործմանը կամ բարիդրացիական հարաբերություններին:

XII. Խաղաղապահությանն ու զորքերի վերոշարադրյալ դուրս բերման ընթացքին հետեւելու  վերաբերյալ կոնկրետ դրույթներին ի հավելումն եւ հիշեցնելով ԵԱՀԿ համապատասխան սկզբունքների եւ պարտավորությունների մասին, այդ թվում՝ այնպիսիք, որոնք տեղ են գտել 1992 թվականի Հելսինկյան փաստաթղթում եւ 1994 թվականի Բուդապեշտյան փաստաթղթում, ԵԱՀԿ-ն համապատասխան մեխանիզմների միջոցով հետեւում է սույն Համաձայնագրով նախատեսված բոլոր դրույթների իրագործմանը եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ այդ սկզբունքների ու սույն Համաձայնագրի դրույթների խախտումները կանխելուն եւ դրանց հակազդելու վերաբերյալ որոշումներին համապատասխան:

XIII. «Զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրելու են երեք կողմերը, եւ այն ուժի մեջ է մտնելու Մինսկի կոնֆերանսի կողմից հաստատվելուց եւ երեք կողմերի խորհրդարանների կողմից վավերացվելուց հետո:

XIV. Համաձայնագրերի ստորագրումից եւ դրանք Մինսկի կոնֆերանսի հավանությանն արժանանալուց հետո Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը դեսպանների մակարդակով մշտական դիվանագիտական առաքելություններով լիարժեք դիվանագիտական հարաբերություններ են հաստատում:

V

Երաշխիքների մասին

1. Վերոնշյալ համաձայնագրերի կիրարկումն ապահովելու հարցում Կողմերը ստանձնում են փոխադարձ պարտավորություններ՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի, նրա ժողովրդի եւ իրենց մշտական բնակության վայրերը վերադարձած փախստականների ու տեղահանված անձանց անվտանգության երաշխիքները:

2. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հետեւելու է համապարփակ համաձայնագրի իրականացմանը:

3. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» համաձայնագիրը եւ «Զինված հակամարտությունը դադարեցնելու մասին» համաձայնագիրը, որպես վկաներ՝ կարող են ստորագրել Մինսկի Կոնֆերանսի համանախագահները:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հաստատում են երեք երկրների համատեղ գործելու մտադրությունը՝ համաձայնագրերի իրականացման ընթացքին մանրակրկիտ հետեւելու եւ այդ Համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

ԵԱՀԿ-ն կամ ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան, կարող են դիվանագիտական, տնտեսական եւ կամ ծայրահեղ դեպքում՝ ռազմական բնույթի քայլեր ձեռնարկել, եթե ծագի դրա անհրաժեշտությունը:

1998 թվական

Նոյեմբեր

 

 

Աղբյուր՝http://ilur.am/news/view/70243.html

Be the first to comment on "Ղարաբաղում 2-րդ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է. Քոչարյանի կողմից համաձայնեցված «Ընդհանուր պետության» տարբերակի ամբողջական տեքստը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ