Տնտեսական հեղափոխություն, թե՞ զարգացման միջոցով դեպի 4-րդ արդյունաբերական հեղափոխություն

Ամանորյա ուղերձի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ տնտեսական հեղափոխություն իրականացնել 2019 թվականին։ Այս հոդվածի նպատակը տվյալ հեղափոխության իրականացման հնարավորության գնահատումը չէ, այլ Հայաստանում տնտեսական զարգացման հետագա տրամաբանության քննարկման հրավեր՝բոլոր հետաքրքրված կողմերի միջև։ Որպեսզի կողմնորոշվենք եզրույթների հարցում, բացահայտենք հասկացությունների իմաստը․   Տնտեսական հեղափոխություն՝ գոյություն ունեցող տնտեսական համակարգի սրընթաց կործանում և դրա կազմաքանդում՝ նորը ստեղծելու նպատակով։ Տնտեսական զարգացում՝ հասունացած բարեփոխումների հաջորդական փոխակերպում որակապես նոր, ժամանակակից զարգացման համակարգերի։ Գոյություն ունի մեկ տարբերակ ևս՝անցում հեղափոխությունից դեպի զարգացման, բայց պետք է ուրվագծված լինեն այդպիսի գործընթացների հեղինակների նպատակը, ծրագիրը, փորձառության և գիտելիքների առկայությունը, և նրանց մեծ պատասխանատվությունն իրենց գործողությունների համար։ Կա՞արդյոք Հայաստանում տնտեսական հեղափոխության անհրաժեշտություն, իրականացվե՞լ է արդյոք ռիսկերի գնահատում, ո՞վքեր են առաջնորդները,  թե՞ Հայաստանի ճանապարհն, այնուամենայնիվ, էվոլյուցիոն զարգացումն է։ Եթե հեղափոխությունից դեպի էվոլյուցիոն զարգացում անցում կատարելու համար չկա հստակ պատկերացում անցումային գործիքակազմի վերաբերյալ, ապա այն կործանարար է դառնում։ Տնտեսական հեղափոխությունն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ խախտված է տնտեսության զարգացումը համընդհանուր իմաստով, և այլ ճանապարհ չկա։ Վերջին տարիների ընթացքում բազմիցս քննարկվել են արդյունաբերության և ագրարային հատվածի զարգացման հարցերը։ Դրական արդյունք հանդիսացավ, Հայաստանի Արդյունաբերական Քաղաքականության մշակումը և օրենսդրորեն ամրագրումը 2012-2014 թվականների ընթացքում կառավարության, փորձագետների և գործարար աշխարհի ներկայացուցիչների ջանքերով։ Մի շարք ճյուղերում ուսումնասիրվեցին փորձագետների և նորաստեղծ ճյուղային միությունների կողմից «ցավոտ, խոցելի կետերի» որոշման և կազմակերպություններին աջակցություն ցուցաբերելու համար միջոցառումների մշակման ու արտահանման խթանման նպատակով։ Չեմ թվարկի բոլոր ճյուղերը, սակայն գինեգործությունը, հատկապես այդ ժամանակահատվածում, ստացավ հզոր խթան՝զարգացման և ներդրումների համար։Այսօր Հայաստանը կարող է հպարտանալ իր գինեգործական ընկերություններով և դրանց արտադրանքներով, որոնք զբաղեցնում են կայուն դիրքեր միջազգային շուկայում։ Դա մասնավոր-պետական հատվածների համագործակցության հաջողված օրինակ էր։ Ցավոք, այդ պահի դրությամբ, տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտ էին հանդիսանում հարկաբյուջետային և մաքսային մարմինների կողմից իրականացվող կամայականությունները՝մասնավորապես, «հայեցողական» գանձումները հարկային մարմինների կողմից, և ոչ թափանցիկ մաքսային ձևակերպումները շարունակում էին խոչընդոտել տնտեսվարողներին։ Ճյուղերի առաջնահերթությունը, աջակցության հասցեագրված ծրագրերի մշակումն էվոլյուցիոն զարգացման ճանապարհն էին, ինչը, սակայն, բախվեցի իշխող համակարգի դիմադրությանը, որի արդյունքում նվազեց զարգացման ընթացքը, իսկ այնուհետև փաստացի բոլոր գործընթացները վերածվեցին իներցիոն բնույթի։ Այսօր, երբ գործող իշխանությունները խոսում են արդյունաբերության կամ ագրարային հատվածի մասին, նրանք հիմնականում ևս թվարկում են այն առաջատար ճյուղերը, որոնց զարկ է տրվել «Արդյունաբերական Քաղաքականության» միջոցով, և դա, իհարկե, ուրախալի է, և նշանակում է, որ կա տնտեսական քաղաքականության շարունակականության հնարավորություն։ Զուգահեռ, Հայաստանում այս ընթացքում ՏՏ ոլորտը շարունակել է սրընթաց զարգանալ և կարող է այժմ ունենալ առաջատար դերակատարում՝ օրինակ զարկ տալով ռազմարդյունաբերության և այլ ճյուղերի զարգացմանը։ Վերջապես, հիմա, երբ ամբողջ աշխարհը, և նրա հետ նաև Հայաստանը սկսել է թևակոխել 4-րդ արդյունաբերական հեղափոխության փուլ, որում տեղի է ունենում գիտելիքահենք բիզնես-մոդելների աննախադեպ ծավալում, մենք հնարավորություն ունեք մեր տնտեսական զարգացման տրամաբանությունը համապատասխանեցնել համաշխարհային միտումներին, և, հեղափոխություն իրականացնենք նորի ստեղծման, և ոչ թե եղածի կազմաքանդման միջոցով։ Ուստի, հայտարարված տնտեսական հեղափոխությունը կարող է միայն բարդացնել արդեն սկսված այդ գործընթացները, եթե այն չհենվի տնտեսության առաջատար ճյուղերի արդեն իսկ ձևավորված զարգացման տրամաբանության վրա։ Ներկա իրավիճակում, «Ազգային Օրակարգ» կուսակցությունն առաջարկում է 10-ը առաջնահերթ քայլ՝արդյունաբերության և ագրարային հատվածի զարգացման համար՝ Նվազեցնել ագրեսիվ, սակայն անպտուղ հռետորաբանությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասով՝փոխարենը կենտրոնանալով իրական կոռուպցիոն ռիսկերի համակարգային նվազեցման վրա՝սահմանելով թափանցիկ խաղի կանոններ ներդրողների և գործարարների համար։ Անցկացնել ագրարային հատվածի և արդյունաբերության հիմնական ճյուղերի հաշվեստուգում՝ իրավիճակի՝ «ինչպես որ այն կա» մասին տեղեկատվության ստացման նպատակով՝մասնավորապես, ագրարային ոլորտի համար, որում վիճակագրությունն ավանդաբար խիստ մոտավոր և կասկածելի է։ Վերսկսել մասնավոր-պետական հատվածների համագործակցությունը՝ըստ առաջնային ճյուղերի, համապատասխան ճյուղային՝զարգացման ծրագրերի մշակման նպատակով 5-10-ը տարվա կտրվածքով։ Ապահովել առաջնահերթ պայմանները ՏՏ ոլորտի արագ զարգացման համար՝մասնավորապես, վերանայել եկամտահարկի սանդղակը։ Բոլոր կարևորագույն պաշտոններն այդ բնագավառներում, Կառավարության և Ազգային Ժողովի հանձնաժողովներում պետք է զբաղեցնեն աշխատանքային փորձով և գիտելիքներով, պետական ատեստավորում անցած արհեստավարժ մասնագետները։ Միջանկյալ օղակը պետք է իրենից ներկայացնի հաստիքային պահուստ, որում ընդգրկված մասնագետներն առաջիկա 5 տարիների ընթացքում պետք է ունենան մասնագիտական աճի հնարավորություն։ Բարձրացնել հարկային և մաքսային մարմինների գործունեության թափանցիկությունը, պարզեցնել նրանց որոշումները բողոքարկելու ընթացակարգը տնտեսվարողների կողմից։ Ապահովել հավասար պայմաններ բոլոր ներդրողների համար, պետական գույքի սեփականաշնորհման կամ օգտագործման բոլոր գործարքներն իրականացնել թափանցիկ մրցութային կարգով։ Սահմանել, որ հարկային օրենսդրության փոփոխությունները չպետք է տանեն դեպի բիզնեսի համար հարկային բեռի ավելացման` 5 տարվա կտրվածքով։ Եթե հարկատուն 2 տարի ժամկետից հետո ստուգման արդյունքում չի խախտել օրենսդրությունը, ապա հաջորդող 2 տարիների ընթացքում նրան ազատել հարկային ստուգումներից՝ հարկային վճարների ձեռք բերած մակարդակի պահպանման դեպքում։ Կենտրոնանալ իրացման բոլոր հնարավոր շուկաների զարգացման վրա՝«Ե՛վ-Ե՛վ», և ոչ թե «Կա՛մ-Կա՛մ» սկզբունքով՝բացառելով հակադրումը ԵԱՏՄ, ԵՄ կամ այլ շուկաներին։ Վերոնշյալ կետերը, մեր տեսանկյունից, թույլ կտան զարգացնել տնտեսությունն էվոլյուցիոն ճանապարհով՝օգտագործելով արդեն ձևավորված տնտեսական նախընտրություններն ու հնարավորությունները, և խուսափել տնտեսական միջավայրի անկանխատեսելի վատթարացումից, որին մենք ականատես եղանք նախորդ տարվա երկրորդ կեսի ընթացքում։ «Ազգային Օրակարգ» կուսակցությունը պատրաստ է շարունակական ներդրում ունենալ այս գործընթացում՝մշտապես առաջարկելով նորարական լուծումներ, և Հայաստանում տեղայնացնելով տնտեսական զարգացման արդի միջազգային փորձը։   Իգոր Զարգարյան «Ազգային Օրակարգ» կուսակցության համահիմնադիր, ՀՀ վարչապետի խորհրդական արդյունաբերության քաղաքականության գծով 2012-2014 թթ.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/01/21/1011627/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "Տնտեսական հեղափոխություն, թե՞ զարգացման միջոցով դեպի 4-րդ արդյունաբերական հեղափոխություն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ