«Կնոջս հետ եմ ընտրում իր նվերները». Էդգար Իգիթյանը Մարտի 8-ի, կյանքի կարևոր կանանց համար պատրաստած նվերների և սիրելիին արված անակնկալի մասին

Մինչ կանայք հաճոյախոսություններ են ստանում ու ուրախանում նվերներից, տղամարդիկ գլուխ են կոտրում, թե ինչպես հաճելի դարձնեն սիրելիների օրը։ Բնույթով ռոմանտիկ ու անակնկալների սիրահար Էդգար Իգիթյանը Մարտի 8-ին փորձում է հիշարժան դարձնել Կյանքի կարևորագույն կանանց օրը։ Դերասանը Tert.am Life-ին պատմել է նվերների ընտրության, ամենահիշարժան անակնկալի ու սիրելիին ուրախացնելու մեծ ցանկության մասին։

Չնայած Մարտի 8-ն աշխատանքային է Էդգարի համար, իրեն շրջապատող կանայք ուշադրության պակաս չեն զգա։ Մայրիկի և քույրիկի համար նվերները գնել է նախապես, իսկ երեկոն կանցկացնի կնոջ հետ՝ ռոմանտիկ միջավայրում։

Դերասանի խոսքով` ամենաթանկ ու սիրելի կանանց դեմքին ժպիտ տեսնելն առաջնային է, թե դրա համար ինչ նվեր է կգնի և որքան գումար կծախսի՝ երկրորդական է։ «Շատ գեղեցիկ և խորհրդանշական տոն է։  Ամենակարևորը մարդկանց ուրախացնելն է։ Ինձ իսկապես  հաճելի է անակնկալներ անել ինձ համար թանկ կանանց՝ թե՛ մայրիկիս, թե՛ քույրիկիս, թե՛ կնոջս»,- ասաց Էդգարը։

Մայրիկի և քույրիկի համար նա զարդեր է ընտրել։ Կնոջ համար նվեր չի գնել, սիրում է, երբ երկուսով են գնում նվեր ընտրում նրա համար։ «Ինձ շատ հաճելի է, երբ նվերս իսկապես անհրաժեշտ է և անկեղծ ուրախացնում է նրան։ Առհասարակ հաճախ ենք կնոջս հետ ընտրում իր նվերները, միշտ մտածում եմ, որ հնարավոր է գնեմ մի բան, որն իրեն պետք չէ, ունի կամ ավելի շատ ցանկանում է այլ բան ունենալ։ Ես ինքս նվեր ընտրում եմ միայն, երբ վստահ եմ, որ չունի կամ իսկապես ուզում է դա»,- ասաց դերասանն ու ավելացրեց, որ միասին նվեր ընտրելն էլ իր առանձնահատուկ հետաքրքրությունն ու ռոմանտիկա ունի։

Էդգարն անկեղծացավ, որ ռոմանտիկ մարդ է և իր համար ռոմանտիկան ամենուր է. սիրելիի հետ շփումն արդեն իսկ մեծ ռոմանտիկա է իր համար։ Մարտի 8-ի հետ կապված հիշարժան անակնկալ մտաբերել Էդգարը չկարողացավ՝ նշելով, որ յուրաքանչյուրն իր տեսակի մեջ առանձնահատուկ ու հիշվող է եղել։ Ամեն դեպքում առանձնացրեց կնոջը մատուցած անակնկալներից մեկը․ «Նվերը շատ օրիգինալ ձևով էի մատուցել՝ մի քանի արկղի մեջ էր փաթեթավորած ու կինս չէր պատկերացնում՝ ինչ եմ նվիրելու»։

Էլ ինչ Մարտի 8 առանց ծաղիկների։ Դերասանի նախընտրում է նվիրել վարդ կամ  փողաշուշան՝ կալա։ «Շատ հետաքրքիր հիշողություններ ունեմ կապված կալայի հետ։ Այդ ծաղկին առանձնահատուկ եմ վերաբերվում, ինքս շատ եմ սիրում և ասոցացնում եմ մամայիս հետ։ Տպավորվել է, որ փոքր տարիքում շատ-շատ էի նվիրում մամայիս, ինքն էլ շատ էր հավանում։ Հիմա ծաղիկ նվիրելիս նախապատվությունս տալիս եմ վարդին»։

Դերասանի խոսքով` սիրում է կնոջն անակնկալներ մատուցել նաև սովորական օրերին՝ վստահ է, որ դրանք ամենահիշվողն ու տպավորվողն են։ «Երբեմն մոտս պոռթկում է լինում, ուզում եմ ինչ–բան գրել, թողնել տան ինչ-որ անկյունում ու մտածել, որ սիրելիս կարթնանա, կկարդա և իր օրը գեղեցիկ կսկսվի։ Ես այն մարդկանցից եմ, որոնք ժամանակ առ ժամանակ են գեղեցիկ մի բան ասում, բայց դա անում են անկեղծ»,- ասաց Էդգարը՝ ավելացնելով, որ երբեք ինչ-որ հաճոյախոսություն չի ասում ուղղակի ասելու համար։ Ըստ նրա` գեղեցիկ ու կարևոր բառերը կորցնում են իրենց նշանակությունը, երբ հաճախ ես ասում։

Զառա Ղազարյան

https://life.tert.am/am/news/2019/03/08/edgar/56111

Be the first to comment on "«Կնոջս հետ եմ ընտրում իր նվերները». Էդգար Իգիթյանը Մարտի 8-ի, կյանքի կարևոր կանանց համար պատրաստած նվերների և սիրելիին արված անակնկալի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ