Երջանիկ մայրիկներ. հայտնի կանանց ու նրանց դստրերի տոնական ֆոտոշարքը

 

Չնայած կնոջը հաճոյախոսելու, նվերներով ու ծաղիկներով ուրախացնելու համար օրացույցին նայել պետք չէ, ամեն դեպքում դեմ չենք առանձնահատուկ ուշադրության նաև Մարտի 8-ի առթիվ։ Tert.am Life-ը Կանանց միամսյակի մեկնարկին ներկայացնում է հայտնի մայրիկների ու նրանց դստրերին։ Նրանց նկարահանել ենք այն մասնագիտության մեջ, որով մտադիր են զբաղվել։

Ֆոտոշարքի ավագ հերոսուհին Լուիզա Ղամբարյանի դուստրն է՝ Գաբին։ Մաթեմատիկայով, կերպարվեստով և կավագործությամբ հետաքրքրված Գաբիի առաջին բնորդուհին դերասանուհի մայրիկն է։

Լուիզայի համար ամենահիշարժան մարտի 8–ը կապվում է դստեր հետ։ «Գաբիս երեք տարեկան էր, մանկապարտեզ էր հաճախում, որտեղ առաջին անգամ իր ձեռքով բացիկ էր պատրաստել՝ ինձ էր նկարել, ես անճանաչելի էի։) Նկարում ինձանից և իրենից բացի պատկերված էր նաև մայրիկս; Ըստ էության՝ երեք տարբեր սերնդի կանանց էր նկարել։ Որպես մայրիկ` առաջին անգամ էի բալիկիցս նվեր ստանում, ինչը շատ է տպավորվել»։

Դերասանուհին հրաշք է համարում կնոջ կյանքում դստեր հայտնվելը։ Նա վստահ է՝ աղջկա ծնունդը մայրիկին է՛լ ավելի քնքուշ ու կանացի դարձնելուց բացի նաև բնավորությունն է ամրացնում։  «Աղջկա մայր լինելու պատասխանատվությունն ավելի մեծ է։ Միշտ եմ երազել աղջիկ ունենալ՝ աղջիկն իսկապես հրաշք է։  Գաբիիս ծնվելուց հետո այս տոնի խորհուրդն էլ ավելի խորն ու հետաքրքիր դարձավ, որովհետև աղջիկներն իրենց ջերմությամբ ու մայրիկին դուր գալու բնատուր օժտվածությամբ ավելի գեղեցիկ են դարձնում կյանքը»,- ասաց դերասանուհին։

Լուիզան վստահ է, որ մայր լինելը կնոջ ամենամեծ առաքելությունն է, քանի որ չկա ավելի մեծ իմաստ և անելիք, քան մայր լինելը․ «Որևէ մեկին վիրավորել չեմ ցանկանա, բայց բալիկ ունենալուց սեռական խտրականություն դնելն ուղղակի տգիտություն է։ Եթե Աստված կամեցել է, որ որովայնումդ փոքրիկ մարդ մեծանա, պետք է միայն ու միայն շնորհակալ լինես և մեծացնես հոգեպես ու ֆիզիկապես առողջ մարդու»։

Դերասանուհին նշում է, որ իրենց ընտանիքում միշտ կարևորվում է սերն ու հոգատարությունը` անկախ նրանից, թե ինչ օր է։

Ֆոտոշարքի հաջորդ հերոսուհին Ադել Փահլևանյանն է՝ հաղորդավարներ Յանա Դանիելյանի և Սուրեն Փահլևանյանի դուստրը։  Փոքրիկ Ադելը սովորում է երկրորդ դասարանում։ Հայտնի ծնողների հետքերով գնալու փոխարեն հետաքրքրված է լողով, օտար լեզուներով և, ինչպես հասցրինք նկատել, բժշկությամբ։ Փոքրիկի առաջին այցելուն մայրիկն է՝ Յանան։ Մայրիկին ստուգելը, իրականում, Ադելին շատ զվարճացրեց։

Օրվա խորհրդի մասին խոսելով` Յանան նշեց, որ մայրանալուց հետո Մարտի 8-ը բոլորովին այլ իմաստ է ստացել իր համար։ «Աղջիկս սովորում է երկրորդ դասարանում և կարողանում է գրել, սեփական մտքերը ձևակերպել, բացիկներ պատրաստել։ Արդեն ինքնուրույն նվերներ է պատրաստում ինձ համար և անակնկալներ անում՝ սիրո խոստովանություններ գրում։ Հենց նման պահերին է, որ զգում եմ՝ Մարտի 8-ը նաև իմ տոնն է»,– ասաց Յանան ու պատմեց, որ աղջիկը վաղուց օրացույցի վրա նշել էր ամսաթիվն ու նվերների իր արկղիկում ամեն օր սեփական ձեռքով պատրաստած նոր բան էր ավելացնում։

Անկախ բուն խորհրդից, Մարտի 8-ը Յանայի համար, նաև գեղեցիկ գարնանային օր է։ Հաղորդավարուհին անկեղծանում է` այսօր ինքն էլ է իրեն ծաղիկներով շրջապատում. «Գարնանային առաջին տոնն է, որն ուրախությամբ ու ջերմությամբ է լցնում մեզ։ Երբեք ուշադրություն չեմ դարձրել, թե ինչ եմ նվեր ստանալու՝ կամ կստանա՞մ, թե` ոչ։ Ես շատ-շատ եմ սիրում Մարտի 8-ը, ինքս էլ տան համար միշտ ծաղիկներ եմ գնում»։

Ադելը նույնպես անակնկալ ունի՝ մայրիկը դստերն առանց նվերի չի թողել։ «Իր ընկալմամբ սա մայրիկների տոնն է, բայց ես իրեն նվեր մատուցեցի, որպեսզի ինքն էլ ուրախանա»,- ասաց Յանան։

Աղջիկ երեխայի մայրիկ լինելը, ըստ հաղորդավարուհու, աննկարագրելի զգացողություն է՝ դստեր ծնունդն իր հետ հավելյալ նրբություն ու կանացիություն է հաղորդել կյանքին․ «Տղային չես կարող տալ այն նրբությունը, որը տալիս ես աղջկան։ Ես շատ ուրախ եմ, որ առաջնեկս աղջիկ է։ Չգիտեմ` հետագայում ինչպես կլինի, բայց ես ու Ադելը բացի մայր ու աղջիկ լինելը, նաև լավ ընկերուհիներ ենք։ Ես անհամբեր սպասում եմ, թե երբ է մեծանալու, որ ավելի լուրջ ընկերուհիներ դառնանք»,- նշեց հաղորդավարուհին` ավելացնելով, որ դուստր ունենալը մայրիկի համար մեծ պատասխանատվություն է, որովհետև փոքրիկ աղջիկն ամեն քայլափոխին հետևում ու կրկնօրինակում է իրեն։ Բացի դա մայրիկը դստեր համար լավագույն օրինակն է՝ կարծում է Յանան։

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի դուստրը՝ Մարիան, չնայած փոքր տարիքին, տիրապետում է դիմահարդարման, գրեթե, բոլոր հնարքներին, գիտի նյութերից որն ինչի համար է և մայրիկի դեմքը «նախշելու» առիթը բաց չի թողնում։ Մարիայի հետաքրքրություններից է պարելը, երգելն ու մարմնամարզության հաճախելը, բայց փոքրիկն առայժմ իրեն դիմահարդար է զգում։

Նաիրան, խիստ մայրիկ է, բայց, կեսկատակ խոստանում է՝ կուղղվի։ «Չեմ թողնում շատ զբաղվի դիմահարդարման պարագաների հետ։ Չնայած դեռ իր տարիքը չէ, որ դրա հետ կապված ինչ-որ բաներ իմանա, հաջողացնում է և արդեն բոլոր գիտի մանրամասները՝ սկսած նյութերից։ Ամեն դեպքում ուզում եմ, որ իր տարիքին համահունչ մեծանա։ Հիմա մարմնամարզության դասերի է հաճախում՝ հաճույքով գնում է, ես իրեն ստիպողաբար չեմ տանի որևէ տեղ»,-ասաց դերասանուհին՝ ավելացնելով, որ անգամ մուլտֆիլմ դիտելն է սահմանափակ դստեր համար՝ տասը րոպեից ոչ ավելի։

Նաիրան դեռևս չի հասցրել զգալ, թե ինչպես է փոխվում տոնի խորհուրդը մայրանալուց հետո. «Իմ կյանքում եղան դեպքեր, որոնց հետևանքով ուղղակի չեմ հասցրել զգալ փոփոխությունը։ Գուցե, եթե մեզ մոտ էլ ամեն ինչ լիներ լիարժեք՝ ինչպես նորմալ ընտանիքներում է, բացիկների և՛ ժամանակ, և՛ տրամադրություն կունենայի»։

Դերասանուհին ասում է, որ իրեն ու աղջկան տոներ պետք չեն ուրախանալու, հետաքրքիր և լավ ժամանակ ունենալու համար։

Մարտ ամիսը դերասանուհու համար տոների առումով հագեցած է՝ սկսած տարեդարձից, թեև այս տարի, խնջույք չի լինի, որովհետև դերասանուհին պահքի մեջ է։

Աղջիկ բալիկի մայրիկ լինելու առավելությունների մասին խոսելով` դերասանուհին նշեց.
«Տղամարդիկ, որոնք չեն ուզում աղջիկ ունենալ, մտածում են, որ հո՞ր արգանդից են ծնվել, ախր նրանց էլ է կին լույս աշխարհ բերել։ Երբևէ խտրականություն չեմ դրել կապված երեխայի սեռի հետ։ Իսկապես ցավալի է, երբ սեռով պայմանավորված հրաժարվում են երեխա ունենալու, ծնող դառնալու հաճույքից։ Իրականում, աղջկա մայրիկ լինելը շատ առավելություններ ունի։ Տղան քեզ հետ մինչև լույս արտասվի, եթե դրա կարիքը կա, մինչև լույս քեզ հետ չի ուրախանա և ամեն վայրկյան կողքիդ չի լինի»։

Նկարահանումներն իրականացվել են In Art Studio–ում և Cityzen–ում

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Զառա Ղազարյան

https://life.tert.am/am/news/2019/03/08/march-8/56082

Be the first to comment on "Երջանիկ մայրիկներ. հայտնի կանանց ու նրանց դստրերի տոնական ֆոտոշարքը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ