«Սա անսպասելի էր ոչ միայն ինձ ճանաչողների, այլև հենց ինձ համար»․ ինչ պայմանով է Միհրան Ծառուկյանը համաձայնել համագործակցել «Դեպուտատի շոու»-ի հետ

«Դեպուտատի շոու» նախագծն այս անգամ համագործակցել է Միհարն Ծառուկյանի հետ՝ ներկայացնելով «Յարս Վայքում ա» հումորային երգի տեսահոլովակը։ Այս ժանրը Միհրանի համար նորություն չէ, բայց տոսահոլովակի ֆորմատն անսովոր է «սրտակերի» համբավ ձեռք բերևած երգչի համար։

Tert.am Life-ը Միհրանի հետ զրուցել է նոր աշխատանքի և անսպասելի փոփոխության մասին։ Երգիչը վստահեցրեց, որ մեկնաբանություններին հետևում է՝ դրական արձագանքներն ավելի շատ են։

«Ինձ համար շատ կարևոր են արձագանքները, որովհետև նորովի ներկայանալիս չընդունվելու վտանգ կա։ Սա այդ դեպքը չէր՝ հետևել եմ թե՛ դիտումների աճին, թե՛ մեկնաբանություններին։ Արձագանքներն իսկապես շատ լավն են»,- ասաց երգիչը՝ նկատելով, որ իր երգացանկում չի եղել որևէ երգ, որը թողարկելուց հետո բոլոր արձագանքները դրական են եղել։ Միհրանի խոսքով` դա նորմալ է, այլ հարց է, թե որն է գերակշռում։

Երգիչը նշեց, որ նախապես չեն ծրագրել ու միավորվել գաղափարի շուրջ, ժամանակի հետ ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել։

«Ռիչարդ Մադլենյանի ստուդիայում հաճախ ենք հանդիպում և տարբեր քննարկումներ ունենում, թե ինչ նոր բան կարելի է անել, ինչ նախագիծ կարելի է ներկայացնել։ Զրույցներից մեկի ժամանակ միտք ծագեց, որ կարող ենք այսպիսի մի էքսպերիմենտ անել»,- ասաց Միհրանը։

Երգիչն անկեղծացավ, որ առաջարկը ստանալուց հետո շատ երկար է մտածել, քանի որ այս ձևաչափն անսպասելի էր ոչ միայն իրեն ճանաչողների, այլև հենց իր համար։

«Երբ հստակ որոշում կար և տղաներն առաջարկեցին համագործակցել, ես անընդհատ մտածում էի, թե ինչ արդյունք կարող է լինել։ Ի վերջո, այս ձևաչափն ինձ համար նորություն էր։ Ճիշտ է, «Ֆուլ Հաուս»-ի շրջանակում հեռուստադիտողն ինձ տեսել է հումորային դերում, բայց որպես երգիչ նման կերպարով ներկայանալն անսպասելի էր անգամ ինձ համար»,- ասաց նա ու հավելեց, որ երկար քննարկումների արդյունքում Անդոյի ու Ռաֆոյի հետ համաձայնության են եկել, Ռիչարդ Մադլենյանը գրել է երաժշտությունը, Արմեն Վարդանյանը հեղինակել է բառերը, իսկ Արշալույս Հարությունյանը նկարահանել է տեսահոլովակը։

«Համաձայնությունը եղել է պայմանով, որ ստանանք որակյալ հումոր և պրոֆեսիոնալ աշխատանք։ Երբ ես դիտում եմ տեսահոլովակը, հասկանում եմ, որ թե՛ որակապես, թե՛ դետալների, թե՛ կատարման, թե՛ իմաստային առումով կատարված է պրոֆեսիոնալ և բարձր մակարդակի աշխատանք»,– ասաց երգիչը։

Էքսպերիմենտը Միհրանը ստացված է համարում՝ ընդգծելով, որ կերպարը հետաքրքիր է, երգի ու դերասանական խաղի համատեղումը` նույնպես։

«Բառերի հեղինակ Արմեն Վարդանյանն իր մեծ ներդրումն ունի աշխատանքի կայացման մեջ. որոշ հետաքրքիր մտահղացումներ, օրինակ, Էլվիսի կերպարով ներկայանալը, ինքն է տվել։ Դա էլ բավականին լավ ու հումորով ընդունվեց»,- ասաց Միհրանը։

Այնուամենայնիվ, երգիչը շեշտեց, որ սա էքսպերիմենտ էր, հետագայում այս ձևաչափով չի ներկայանա. «Բնականաբար, հաջորդ գործը կլինի ավելի լուրջ և իմ ոճի մեջ»։

Կատարողի հաջորդ նախագծերը չեն ուշանա, ավելին, Միհրանն անակնկալ է խոստանում երկրպագուներին ոչ միայն երգի և տեսահոլովակի տեսքով, սակայն փակագծերն առայժմ չի բացում։

Զառա Ղազարյան

https://life.tert.am/am/news/2019/03/14/mihran/56241

Be the first to comment on "«Սա անսպասելի էր ոչ միայն ինձ ճանաչողների, այլև հենց ինձ համար»․ ինչ պայմանով է Միհրան Ծառուկյանը համաձայնել համագործակցել «Դեպուտատի շոու»-ի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ