«Ինձ մոտ տպավորություն կա, որ մի քիչ լուրջ չեք վերաբերվել». Մխիթար Հայրապետյանի դիտողությունը Նազենի Ղարիբյանին

 

«Եթե անկեղծ լինեմ, ինձ մոտ տպավորություն կա մշակույթի հատվածից, որ մի քիչ լուրջ չեք վերաբերվել սրան»,- ՀՀ ԱԺ-ում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում անդրադառնալով մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի զեկույցին` Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին, այսպիսի կարծիք հայտնեց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա հորդորեց Նազենի Ղարիբյանին, թե լավ կլիներ գար ու լսեր սպորտի նախարարի զեկույցը, որտեղ հստակ թվեր ու կատարված գործողություններ էին ներկայացված: Այնուհետև Մխիթար Հայրապետյանը որոշ մեջբերումներ կատարեց Նազենի Ղարիբյանի ներկայացրած զեկույցից. «Ասում եք՝ կառավարության հետևողական աշխատանքի շնորհիվ այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձանների քանդելու դեպքերը: Արդյոք համաձայն չե՞ք, որ սա չի համապատասխանում ձևաչափին: Արդյունավետ համարո՞ւմ եք այսօրինակ հայտարարությունները դնել տեքստի մեջ, որպես զեկույց ներկայացնել խորհրդարանին»: Մխիթար Հայրապետյանը ևս մեկ օրինակ բերեց. «Նշում եք, որ ռեկորդային թվով գիրք է վաճառվել: Այսինքն՝ չեմ հասկանում, որովհետև իմ պատկերացմամբ մենք խոսում ենք, թե ինչ է արել մշակույթի նախարարությունը 2018-ին: Եթե այս ռեկորդային թվով գիրքը վաճառվել է, մշակույթի նախարարության կոնկրետ քաղաքականության մշակմա՞ն արդյունքում, պիտի խնդրեմ՝ մանրամասնեք: Նույնը վերաբերում է նաև թանգարաններ այցելությունների թվին»: Նազենի Ղարիբյանը հայտարարեց, թե միանգամայն ընդունում է դիտողությունները, բայց միևնույն ժամանակ ասաց. «Սա ես մենակս չեմ գրել. սա մի տեքստ է, որը մշակվել է ոչ միայն նախարարության աշխատակազմի կողմից, այլև կառավարության անդամների. հետ է եկել, մշակվել և նաև դեբատներ են եղել այս առումով: Ամեն դեպքում ես ամբողջությամբ վերցնում եմ

պատասխանատվությունը. որևէ խնդիր չունեմ: Իսկ թանգարանների այցելությունները վերաբերում են միայն մեր ենթակայության թանգարաններին: Հուշարձանների քանդման դեպքում հնարավոր է՝ ձևակերպումն այնքան էլ կատարողական չէ»: Մխիթար Հայրապետյանն արձագանքեց՝ շատ գեղարվեստական և պոպուլիստական է: Նազենի Ղարիբյանն ընդունեց: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/03/20/1030009/

© 1998 — 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "«Ինձ մոտ տպավորություն կա, որ մի քիչ լուրջ չեք վերաբերվել». Մխիթար Հայրապետյանի դիտողությունը Նազենի Ղարիբյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ