«Առանց առաջարկի եմ մնացել, որովհետև կային ավելի էժան գնով նկարահանվողներ»․ Վահան Թովմասյանը` հոնորարների, «ԿօօԿօօՌօօզ»-ում աշխատանք ստանալու և եղբոր` Վաչեի հետ հարաբերությունների մասին

Վահան Թովմասյանը հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանակում» հեռուստասերիալից, որի ավարտից հետո Վահանն ուժերը փորձեց «Վիտամին» ակումբում, որի հիմնական անդամներից մեկը եղբայրը` Վաչե Թովմասյանն էր, սակայն ակումբում նա երկար չմնաց։ Մասշտաբային այլ նախագծերում նա այլևս չնկարահանվեց, հիմա Վահանը զբաղված է «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով հեռարձակվող «ԿօօԿօօՌօօզ» նախագծում։
Tert.am Life-ի հետ Վահանը զրուցել է իր առաջին մասնագիտությամբ զբաղվելու, հոնորորաների պատճառով հեռուստատեսային առաջարկներից հրաժարվելու և «ԿօօԿօօՌօօզ» նախագծի արձագանքների մասին։
«Հեռուստաընկերություններում խնդիր կա, որ մարդը կարող է տարիներ շարունակ նկարահանվել, հասնել որոշակի հայտնիության, բայց նախագծի ավարտից հետո մնա առանց առաջարկների։ Ես առանց առաջարկի եմ եղել, որովհետև կային ավելի էժան գնով նկարահանվող մարդիկ, որոնց հեռուստաընկերությունները տալիս են իրենց նախապատվությունը։ Ընթացքում եղել են առաջարկներ, բայց երբ հարցը հասել է հոնորարին, շատ քիչ վարձատրություն են առաջարկել այն դեպքում, երբ նախագիծն ինձանից խլելու էր շատ ժամանակ։ Բնականաբար, ես հրաժարվել եմ ու ստացվել է այնպես, որ մինչև վերջերս հեռուստատեսությունների հետ աշխատելու ցանկություն այլևս չեմ ունեցել»,- ասաց Վահանը։
Հեռուստատեսային լավ առաջարկի վերաբերյալ Վահանն ունի իր ձևակերպումը՝ լավ հոնորար և պրոֆեսիոնալ թիմ։ Դադարի ընթացքում նա որոշել է աշխատել առաջին մասնագիտությամբ՝ ռեստորատոր, սկզբում Երևանում, ապա Մոսկվայում։
«Սիրով եմ անում ռեստորատորի գործը։ Կարծում եմ` հեռուստատեսություն և եթեր վերադառնալը պետք է լինի լավ առաջարկի ու որակով նախագծի դեպքում։ Բավականին երկար ժամանակ եմ եղել հեռուստատեսային ոլորտում և սցենարին ծանոթանալիս գաղափար կազմում եմ, թե ինչ արձագանք կունենա այս կամ այն նախագիծը,- ասաց Վահանն ու ծիծաղելով շարունակեց՝ հոնորարներն էլ պակաս կարևոր չեն,- Եթե ինձ ասեն` նկարահանման մեկ օրը 2000 դրամ, առանց հաջող ասելու հեռախոսը կանջատեմ։ Հոնորարն այնքան կարևոր է, որ կարող եմ նույնիսկ որպես առաջնային հարց նայել։ Իհարկե, գումար նշելիս հաշվի եմ առնում Հայաստանի հեռուստատեսային շուկայական միջին գինը»։
Ներկայումս Վահանը համագործակցում է եղբոր՝ Վաչե Թովմասյանի հետ` «ԿօօԿօօՌօօզ» նախագծի տնօրենն է։ Անկեղծացավ՝ Վաչեի հետ ունեցած ցանկացած տարաձայնություն բերում է ավելի լավ արդյունքի։ «Վաչեի հետ իսկապես նման ենք մտածում՝ երկուսս էլ հստակ նպատակ ենք դնում որոշակի արդյունք ստանալու համար և միահամուռ աշխատում ենք դրա իրագործման վրա։ Իհարկե, յուրաքանչյուր անձնակազմում էլ լինում են որոշակի անհարթություններ, սակայն դրանք չեն ազդում մեր անձնական հարաբերությունների վրա և մնում են նկարահանման հրապարակում,– ասաց նա ու հավելեց, որ «ԿօօԿօօՌօօզ»–ի որոշ համարներում նկարահանվել է, սակայն դա իր հիմնական գործը չէ, տնօրենի աշխատանքը նկարահանվելու հետ համատեղել ժամանակը չի ներում։ –Կարելի է ասել «ԿօօԿօօՌօօզ»ում հավեսի համար եմ նկարահանվում, որովհետև կադրից դուրս արվող աշխատանքս էլ ավելի եմ կարևորում»։
Եղբայրների համատեղ նախագիծն արդեն որոշ ժամանակ է` եթեր է հեռարձակվել։ Վահանը խոսեց արձագանքներից, որոնք, ըստ նրա, միանշանակ լինել չեն կարող։ «Բոլորը չէ, որ պետք է դրական գնահատեն նախագիծը, որովհետև այն բավականին համարձակ է ամեն առումով, ունի ցենզուրայից դուրս հումորային դրվագներ։ Հետաքրքիր մի բան կա, ներկայումս սոցցանցերում ամենից շատ կարծիք են հայտնում 16 տարեկանից փոքր մարդիկ` չնայած նախագիծը 16+ է։ Երբ մենք հասկացանք դա, գործը մի քիչ բարդացավ, որովհետև հենց սկզբից հումորների տեսանկյունից մենք մեր առաջ սահմանափակումներ չէինք դնում,- ասաց Վահանն ու ծիծաղելով հավելեց,- Ես իմ երեխային կատեգորիկ կարգելեի նայել «ԿօօԿօօՌօօզ» նախագիծը»։
Սոցցանցերից դուրս արձագանքները, ըստ Վահանի, առավելապես դրական են։ «Մենք միայն ուրախ ենք, որ լավ կարծիք ենք ստանում այն մարդկանցից, որոնք իսկապես հասկանում են հումորից, հասկանում են նախագծի որակից և այն բանից, թե որքան աշխատանք է տարվում այն իրագործելու համար։ Իսկապես շատ ենք աշխատում, սքեթչեր նկարահանելն ավելի բարդ է»,- ասաց Վահանը։
Վերջին շրջանում թե՛ հեռուստատեսությունում, թե՛ համացանցում հումորային նախագծերն ավելացել են։ Ըստ Վահանի` իրենց նախագծի ձևաչափը նոր է, քանի որ սքեթչերից բացի ներկայացնում են նաև իրապատում հատված։ «Եթե նայենք դաշտում եղած հումորային մյուս նախագծերը, որոնց ստեղծողների, մասնակիցների մեծ մասը մեր լավ ընկերներն են, կտեսնենք, որ ձևաչափով մեր արած նախագիծը բոլորովին տարբեր է, ոչնչով նույնը չէ։ Հումորի տեսանկյունից կարողանում ենք մեզ թույլ տալ մի քիչ ավելին, որովհետև տարիքային սահմանափակում ունենք, այն է 16+, ինչը չունեն, օրինակ, սիթքոմերը»,- ասաց Վահանը։

Զառա Ղազարյան

https://life.tert.am/am/news/2019/04/15/vahan/57050

Be the first to comment on "«Առանց առաջարկի եմ մնացել, որովհետև կային ավելի էժան գնով նկարահանվողներ»․ Վահան Թովմասյանը` հոնորարների, «ԿօօԿօօՌօօզ»-ում աշխատանք ստանալու և եղբոր` Վաչեի հետ հարաբերությունների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ