ՀՀԿ-ն բաց թողեց պահը. Սերժ Սարգսյանը խոսելու թեմա չունի

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, մեկ տարվա լռությունից հետո Արցախում հարցազրույց է տվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը նվիրված էր Շուշիի ազատագրմանը։ Այդուհանդերձ, կարծում եք՝ այս հարցազրույցը ներքաղաքական ուղերձ չունե՞ր։

 

Ես այդ ելույթը կապում եմ օրվա իրադարձության հետ միայն: Բնական է, որ երրորդ նախագահը, լինելով Արցախում, պետք է նման հարցազրույց տար՝ ներկայացնելով Շուշիի ազատագրման պատմությունը։ Ես որևէ այլ խնդիր չեմ տեսնում, պետք չէ մտածել, թե նա այսպիսով քաղաքական լուրջ հեռանկարներ է ներկայացնում։ Հարցազրույցը կոնկրետ մեկ թեմայով էր։

-Իսկ նրա լռությունը ներքաղաքական հարցերի վերաբերյալ պայմանավորված է միայն նրանով, որ գործող իշխանությունները դեռ շարունակում են բարձր վարկանի՞շ ունենալ։

-Նախ հստակեցնենք. ոչ թե իշխանություններն ունեն բարձր վարկանիշ, այլ՝ կոնկրետ վարչապետը։ Գործադիրը, ԱԺ-ն, դատական համակարգը բարձր վարկանիշ չունեն։ Իսկ ահա վարչապետը դեռևս շարունակում է ունենալ բարձր վարկանիշ, որը, սակայն, անկում է ապրում, բայց դա բնական երևույթ է։

Ինչ վերաբերում է երրորդ նախագահի լռությանը, ապա կան այլ պատճառներ ևս։ Որպեսզի նա չլռի, պետք է որ խոսելու թեմա լինի։ Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ ՀՀԿ-ում այն ռեբրենդինգի գործընթացը, ինչի մասին մենք խոսում էինք անցյալ տարվա մայիսից հետո, տեղի չունեցավ, և, ինչպես արդեն հասկանում ենք, ՀՀԿ-ականները բաց են թողել վերաիմիջավորվելու պահը, կամ այդ պրոցեսը նրանց  էլ չի հաջողվում։ Բնականաբար, եթե այդ գործընթացը հաջող չի ընթանում, նրանք չեն կարող նոր օրակարգային հարցեր թելադրել։ Իհարկե, որոշ ՀՀԿ-ականներ՝ մոտ 7-8 հոգի, իրենց տեսակետները հասցնում են հասարակությանը, բայց դա ավելի շուտ իշխանությունների կողմից իրականացվող այս կամ այն քայլի վերաբերյալ իրենց մոտեցումն է, քան առանձին օրակարգ։

Ինչպես տեսնում ենք՝ ՀՀԿ-ն այս տեսքով պահանջարկ չունի, և, կորցնելով ժամանակի կարևոր գործոնը, նրանք այլևս չեն կարող ապագայում ինչ-որ լուրջ հայտ ներկայացնել իշխանությանը։ Գուցե մասնակցելով հաջորդ ընտրությանը՝ նրանք ինչ-որ ձայներ ստանան, մի կերպ մտնեն խորհրդարան, բայց ես կասկածում եմ։ Անգամ եթե մտնեն խորհրդարան՝ դա լուրջ հայտ լինել չի կարող։

Ինչ-որ ժամանակ հետո երրորդ նախագահը գուցե նորից հարցազրույց տա, բայց քաղաքական գործընթացներում լինում են դեպքեր, որ նույնիսկ սպասված հարցազրույցը հասարակության կողմից այլևս սպասված չի լինում։ ՀՀԿ-ն կորցնում է իր ժամանակը։

-Իսկ Հանրապետականը կլինի՞ այն հզոր ընդդիմադիր բևեռի կազմում, որի մասին խոսում էր Ռոբերտ Քոչարյանը։

-Դա այս պահի դրությամբ շատ դժվար է ասել։ Իհարկե, որոշ ՀՀԿ-ականներ իրենց մամուլի ասուլիսներով աջակցում են երկրորդ նախագահին և ներկայացնում, որ վարչապետը նրանից վրեժ է լուծում։ Բայց դժվար է ասել՝ երկրորդ նախագահը Հանրապետականին այդ բևեռում տեսնո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե մի պահ պատկերացնենք, որ երկրորդ նախագահը չդատվի, ինչպիսի վերաբերմունք կդրսևորի Հանրապետականի ու նրա ղեկավարի նկատմամբ։

Ընդհանրապես, այդ «բևեռ» բառը բավականին զգացմունքային է և ենթադրում է խոշոր միավորում, բայց այս պահի դրությամբ քաղաքական դաշտում տեսանելի չեն խոշոր բևեռի ձևավորման նախադրյալներ։ Իհարկե կան ուժեր, որոնք կցանկանային լինել այդ բևեռում կամ այդ միությունում, բայց այս պահի դրությամբ մենք այդ ուժերին չենք տեսնում, և դրա մասին խոսելը դեռևս վաղ է։ Լավ կլինի, որ Հայաստանի ապագայի մասին մտածեն նաև նոր ուժերը: Իհարկե, հնարավոր է, որ նաև հին գործիչներ լինեն, բայց ցանկալի է, որ նոր օրակարգ ձևավորվի։ Իսկ այդ նոր օրակարգի վերաբերյալ այսօր ո՛չ իշխող քաղաքական ուժն է խոսում, ո՛չ էլ որևէ այլ ուժ։ Ընդամենը մանր-մունր հարցեր են քննարկվում, հետևաբար այդ բևեռի մասին խոսելը վաղ է։ Հնարավոր է՝ մեկ ամիս հետո երևա, բայց այժմ հստակ չէ։

-Դաշնակցության նախաձեռնած վերջին ֆորումը արդյոք դրա նշաններից չէ՞։

-Դեռևս չենք կարող այդպես ասել, որովհետև Դաշնակցությունը նույնպես վերաիմիջավորման կարիք ունի։ Այդ ուժը, լինելով իշխանության մեջ, նույնականացվում էր որպես ՀՀԿ-ի կցորդ, որպես քրեաօլիգարիկ համակարգի սեգմենտ։ Ստեփանակերտում տեղի ունեցած այդ ֆորումը դիտարկում ենք որպես վերաիմիջավորման փորձ։ Ի վերջո չմոռանանք, որ անցյալ տարի ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ի պարտության պատճառն այն էր, որ նա չկարողացավ հայդատական ամբողջ ընտրազանգվածն իր կողմը գրավել, մի մասն անցավ «Սասնա ծռերի» կողմը։ Հիմա ՀՅԴ-ն, այս պահի դրությամբ, իր իմիջի մեջ փորձում է հայդատականությունը շեշտել։ Այս պահի դրությամբ ես այդ ուժը նոր ձևավորվելիք բևեռի հետ չէի կապի, բայցև չէի բացառի, որ հետագայում դա հնարավոր է։

https://www.1in.am/2558046.html

Be the first to comment on "ՀՀԿ-ն բաց թողեց պահը. Սերժ Սարգսյանը խոսելու թեմա չունի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ