Առաջին արձագանքը Ռոբերտ Քոչարյանին. ՀՅԴ-ն համաձայն է, բայց

 

Դաշնակցությունը գործակցում է իր ծրագրերի ելակետով, ոչ թե անձերի. օրերս ազդարարել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երբ նրան հարց էին ուղղել Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր գործակցության մասին: Այդ հարցի տեղիք տվել էր երկրորդ նախագահի հայտնի հարցազրույցը «Ռոյթերզին», որում նա ասել էր, թե ձևավորվում է հզոր քաղաքական միավորումը, որը մարտահրավեր կնետի գործող իշխանությանը, և ինքն էլ պատրաստ է միանալ այդ միավորմանը: ՀՅԴ-ն այդ առումով առանձնահատուկ ուշադրություն էր գրավել այն իմաստով, որ կուսակցությունը դեռևս 1998-ից սերտ գործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ՝ «իրավիճակի փոփոխության» բերումով: Իհարկե 2014-15-ից արդեն ՀՅԴ-ն «հույսը կտրեց», թե կստացվի քաղաքական հաջողություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի շրջանակում և պայմանավորվեց Սերժ Սարգսյանի հետ: Կա՞ ներկայումս հույս, թավշյա հեղափոխությունից և խորհրդարանից դուրս մնալուց հետո, թե Ռոբերտ Քոչարյանի հետ կստացվի ինչ-որ բան:

Իսկ հարցերը ավելի գեներացրեց այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն օրերս Արցախում կազմակերպել էր Հայաստան-Արցախ համաժողով, որտեղ հրավիրյալների գերակշռող մասը այս կամ այն կերպ դիտարկվում են քոչարյանական ճամբարի տիրույթներում, ինչի մասին վկայեցին նաև ելույթները:

Իսկ ինչո՞ւ ոչ Սերժ Սարգսյանի ճամբարի, առավել ևս, որ Սարգսյանը Հաղթանակի տոնի կապակցությամբ այցելել էր Արցախ և բավականին լուսաբանվել՝ չընդդիմանալով դրան: Եվ ՀՅԴ համաժողովին էլ ներկա էին գործիչներ, որոնք մի քանի ամիս առաջ արտահերթ ընտրությանը Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ ցուցակում էին: Բանը, սակայն, այն է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ փաստացի չկա: Դրա մասին են վկայում մի շարք առանցքային դեմքերի «ինքնաբացարկները», որոնք մասնակցում էին ընտրության և անգամ կազմում առաջին եռյակը: Վիգեն Սարգսյանը հեռանում է ԱՄՆ, Արփինե Հովհաննիսյանը հեռացավ իրավաբանական դե ֆակտո բիզնեսի ոլորտ: Ամեն ինչ իր տեղը դրեց Սերժ Սարգսյանը՝ օրեր առաջ հայտարարելով, որ ոչ ոք չի կարող աշխուժացնել որևէ մեկին հակառակ նրա ցանկության՝ այդպես ակնարկելով, որ ինքը որևէ մեկի համար աշխուժություն առաջացնելու ծրագիր չունի և հենց դրա համար էլ պահպանել է ՀՀԿ նախագահի պաշտոնը: Թե ինչու՝ սա արդեն այլ հարց է, որն ընդհանրապես առնչվում է հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունների մեխանիկային, որտեղ հեռացող նախագահների անվտանգության երաշխիքները գտնվում են բավականին նուրբ տիրույթներում և ուղիղ կախված են լինում հեղափոխության, այսպես ասած, ամրությամբ: Որովհետև ռեակցիայի հաջողությունը ամենևին չի նշանակի հեռացածի հաջողություն որևէ վերադարձի տեսքով:
Սրանք գործնականում պատմական օրինաչափություններ են: Դրանց, անկասկած, քաջածանոթ է նաև ՀՅԴ-ն, և Դաշնակցությունը շատ լավ է պատկերացնում, որ չկա Սերժ Սարգսյանի «վերադարձի ծրագիր», իսկ Ռոբերտ Քոչարյանի՝ կա. երկրորդ նախագահը ինքն է գործնականում «տենդեր» հայտարարել այդ ծրագրի համար:

 

Խոշոր հաշվով, ՀՅԴ-ն առաջին քաղաքական ուժն է, որ արձագանքում է դրան, թեև կարծես թե պատասխան «տենդերով»՝ պայմանները պետք է թելադրի ՀՅԴ-ն: Համաձա՞յն է դրան Ռոբերտ Քոչարյանը:

https://www.1in.am/2557674.html

Be the first to comment on "Առաջին արձագանքը Ռոբերտ Քոչարյանին. ՀՅԴ-ն համաձայն է, բայց"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ