«Հանկարծակիի չգաք այն բանի համար, որ մեր հեղափոխությունը նմանվում է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությանը». Լարիսա Ալավերդյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, թե՝ «եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը», Ազգային ժողովում մեկնարկեցին անցումային արդարադատության հարցերով լսումներ։

168.am-ը թեմայի շուրջ զրուցեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ։

Տիկի՛ն Ալավերդյան, ԱԺ քննարկումներին հետևե՞լ եք։

– Քննարկումներին հպանցիկ եմ հետևել, քանի որ հիմնականում գիտեմ բոլորի դիրքորոշումները, ես էլ ունեմ իմ անփոփոխելի, հստակ դիրքորոշումը։

Կներկայացնե՞ք Ձեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։

– Կարծում եմ, որ այդ գաղափարն ամբողջովին ներմուծված է այն ուժերի կողմից, որոնք ուզում են ռևանշ անել, ընդ որում՝ այդտեղ Կոնգրեսն արդեն լավ բացահայտվեց՝ հանձինս  ՀՀՇ-ի, և բոլոր նրանք, ովքեր իրապես ռևանշի խնդիր ունեն։

Հայաստանում որևէ խնդիր չկա, որ մենք արմատական բարեփոխումներ անելու փոխարեն՝ գնանք երկրում, հասարակության մեջ ավելի ու ավելի այդ պառակտումը, ագրեսիվությունը խորացնելու ուղղությամբ։ Չեմ կարծում, որ սա անընդհատ կշարունակվի. Հույս ունեմ, որ  անգամ գործող իշխանության մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր կհասկանան դա։ Ես ուղղակի շատ կցանկանայի, որ շատ կիրթ ճանապարհով գնայինք և հստակեցնենք, որ մենք  այն երկրների նման չենք, որոնց անունները տվեցին փորձագետները։

– Վարչապետի հայտարարության մեջ նաև «վեթինգի» մասին խոսվեց։

– Նույնը վերաբերում է «վեթինգին»։ Խնդիրն այն է, որ, եթե այս ամենը սկսելուց առաջ արդեն իսկ տեսնում ենք, թե երկրում ինչ պառակտում է ուղղորդված ձևով շարունակվում, ապա դժվար է պատկերացնել այդ անաչառությունը նույն «վեթինգի» հարցում։

Իշխանության գալու մեկ տարին անցավ, և ըստ իս՝ հիմա արդեն գնում է իշխանությունը պահելու գործընթացը, ինչը միշտ ավելի ծանր դրսևորումներ ունի, բավականին մերժելի… դատարանների հանդեպ նման կոչը նաև… Դատարաններին անդրադառնալով՝ ասեմ՝ այդպես էլ չհնչեց, որ դա սխալ է, խիստ հակառակը՝ ուզում են մեր աչքի առաջ խեղաթյուրել և ասում են՝ դա տեղի է ունեցել ժողովրդի կամքով։

Բոլորովի՛ն, դա տեղի է ունեցել վարչապետի կոչով, ընդ որում՝ արձագանքը բոլորս տեսել ենք՝ ժողովուրդն այդպիսի ցանկություն կամ մարմաջ չուներ։ Եվ այստեղ է, որ մեզ համար անհասկանալի է՝ մենք ուժային կառույցներն արդեն համարում ենք սրբագրվա՞ծ  և անցնում ենք անմիջապես ամենաանձեռնմխելի ինստիտուտին, այն է՝ դատարանների՞ն, թե՞ այստեղ կա շատ մեծ վտանգ՝ միանձնյա կառավարման անցնելու, այն, ինչ կոչում են ժողովրդավարական ավտորիտարիզմ. մոտավոր հակասական այդպիսի մի բան։

Հանկարծակիի չգաք այն բանի համար, որ մեր հեղափոխությունը վերին աստիճանի նմանվում է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությանը. գնալով ընդօրինակում ենք բոլոր այն տիպերը, որոնք եղել են այդ ժամանակ։

Զարուհի Դիլանյան

«Հանկարծակիի չգաք այն բանի համար, որ մեր հեղափոխությունը նմանվում է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությանը». Լարիսա Ալավերդյան

Be the first to comment on "«Հանկարծակիի չգաք այն բանի համար, որ մեր հեղափոխությունը նմանվում է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությանը». Լարիսա Ալավերդյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ