«Եթե այս մի քանի ամիսը վարչապետին չբավարարեց բացահայտելու համար՝ կա՞ն դավադիր ուժեր ՀՀ-ում, թե՞ ոչ, նշանակում է՝ նա հանցավոր անտարբերություն է դրսևորում նման հարցերի շուրջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Արցախում դավադիր պատերազմ հրահրելու, թշնամուն տարածքներ տալու և ամբողջի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա թողնելու վերաբերյալ, շարունակում է հանրության շրջանում մտահոգությունների տեղիք տալ։

Շատերը սպասում են, որ վարչապետն անուններ կհրապարակի և կասի, թե ովքեր են ցանկանում Արցախում պատերազմ հրահրել և տարածքներ զիջել թշնամուն, շատերն էլ մեկնաբանում են, որ սա վարչապետի կողմից կատարվող սովորական հայտարարությունների շարքից է, քանի որ փետրվարին Իրան կատարած այցի ժամանակ էլ նա հայտարարել էր, որ Հայաստանում օտարերկրյա գործակալներ կան, և կրկին անուններ չէր նշել։

Հիշեցնենք, որ վարչապետն իր խոսքում մասնավորապես նշել էր. «Ակնհայտ է, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը. այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «Բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով: Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

168.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

– Պարոն Մելիք- Շահնազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վարչապետի հայտարարությունը՝ որոշ ուժերի կողմից Արցախում պատերազմ հրահրելու, տարածքներ զիջելու և ամբողջի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա թողնելու վերաբերյալ։ Արդյո՞ք արդարացված են այն գնահատականները, որ սրանով Հայաստանը խաղաքարտ տվեց հակառակորդին՝ հնարավոր ռազմական գործողություններ վերսկսելու համատեքստում։

– Նույն հայտարարությունը վարչապետն արեց մի քանի ամիս առաջ։ Եթե այս մի քանի ամիսը նրան չբավարարեց բացահայտելու համար՝ կա՞ն արդյոք նման դավադիր ուժեր Հայաստանում, թե՞ ոչ, թե՞ այդ ամենը շարունակում է մնալ կասկածների շրջանակներում, նշանակում է՝ վարչապետը հանցավոր անտարբերություն է դրսևորում նման հարցերի շուրջ, որոնք իրապես կարող են լուրջ սպառնալիքներ լինել մեր պետության համար։ Ավելի քան համոզված եմ, որ Հայաստանում և Արցախում նման ուժեր չկան, և այդ հայտարարությունները քաղաքական հերթական շահարկումների շարքից են, որոնք հաճախ լսում ենք նաև Փաշինյանի շուրթերից։

Իհարկե, նման շահարկումներ անելիս վարչապետը լուրջ խաղաքարտեր է տալիս հակառակորդին՝ նախօրոք մեղավորներ նշանակելով հնարավոր այն պատերազմում, որի հրահրողն ակնհայտորեն լինելու է Ադրբեջանը, հայկական կողմը նման խնդիր չունի։ Ըստ էության, եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա ապա կսկսի պատերազմ և դրա մեջ կմեղադրի Հայաստանում գործող դավադիր ուժերին՝ հղում կատարելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Այստեղ մի քանի կարևոր հանգամանքներ ևս կան, օրինակ, Փաշինյանը կանխորոշում է նաև այդ պատերազմի արդյունքը՝ դրանով իսկ քաղաքական գործիք տալով Ադրբեջանին։ Վերջինս կարող է հենվել այդ խոսքերի վրա և միջազգային հանրությանը համոզել, որ՝ տեսեք, Հայաստանում էլ են վախենում պատերազմից, զգում են, որ պարտված են, ուստի բանակցային գործընթացում պետք է հանդես գան Ադրբեջանը՝ հաղթողի դիրքերից, իսկ հայկական կողմը՝ պարտվողի դիրքերից։

Այդ ճնշումներին հետագայում դժվար կլինի դիմակայել։ Իշխանությունների ամեն մի խոսքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, և անվտանգություն ապահովելու ժամանակ տեղեկատվությունն իսկապես չափազանց կարևորություն ունի։

– Փետրվարին Իրան կատարած այցի ընթացքում տեղի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ, սակայն մինչև օրս կրկին որևէ անուն չի հիշատակել։ Ըստ Ձեզ, նման գործակալներ կա՞ն Հայաստանում, և հաշվի առնելով այս հայտարարությունները, ինչո՞ւ է վարչապետը թշնամիներ փնտրում հենց երկրի ներսում։

– Վարչապետ Փաշինյանը փորձում է իր քաղաքական ընդդիմախոսներին դեմոնիզացիայի ենթարկել, այսինքն՝ վախեցնել, որ թալանչի են, գող են, օտարերկրյա գործակալներ են, և այլն, իր երևակայության մեջ եղած բոլոր վատ բանները փորձում է վերագրել քաղաքական իր հակառակորդներին և դրանով լեգիտիմիզացնել իր պայքարն այդ ուժերի դեմ։ Բնականաբար, Հայաստանում կգտնվեն գործակալներ, նաև՝ ազդեցության գործակալներ, բայց եթե կան օտարերկրյա գործակալներ, ապա դրանք ավելի շատ երևում են իշխանական թիմում, որովհետև տեսնում ենք, որ շատ-շատերը սնվում են, զարգացել են և իրենց քաղաքական կրթությունն են ստացել արևմտյան հիմնադրամների ծրագրերի շրջանակներում։

– Հայաստանի իշխանությունների ներքին տարաձայնություններն Արցախի ղեկավարության հետ ի՞նչ խնդիրների կարող են հանգեցնել, հատկապես՝ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար։

– Փաշինյանի շատ հայտարարություններ լուրջ վտանգ են ստեղծում պատերազմի վերսկսման տեսանկյունից, սա միանշանակ է։ Երբ նա այդ ուղերձները տալիս է հակառակորդին և արդարացնում նրա հնարավոր գործողությունները, դա արդեն պատերազմի վտանգ է։ Բաժանարար գծերը, որոնք անց են կացվում հանրության միջև, առավել մեծացնում են այդ սպառնալիքները և թուլացնում հայ հանրության դիմադրողականության հետևանքները, սա նույնպես ակնհայտ է։

Փաշինյանը փորձում է մեղավորներ փնտրել այլ տեղերում, բայց առաջին հերթին պետք է նայել սեփական ու մերձակա շրջակայքը։ Օրինակ, երբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը Ֆեյսբուքում ծաղրում է Ռոբերտ Քոչարյանի արցախյան բարբառով արված արտահայտությունները, արդեն հակասություններ տարածելու օրինակներից մեկն է։ Այդ պատճառով, եթե ցանկանում են, որ նման խնդիրներ իսկապես չլինեն, պետք է սկսեն իրենք իրենցից, զգուշավոր լինեն և գիտակցեն, որ այլևս հասարակական գործիչ չեն, առավել ևս՝ ընդդիմադիր ցուցարար։ Նրանք իշխանություն են և պատասխանատու Հայաստանի ու Արցախի անվտանգության համար։

– Ադրբեջանն այս տարի արդեն երրորդ անգամ իրականացնում է զորավարժություններ, վերջինը՝ մեծամասշտաբ, որը ղեկավարում էր անձամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Չկա՞ն մտավախություններ, որ Ադրբեջանը բոլոր առիթներն օգտագործելով՝ կարող է զինտեխնիկան հետ չքաշել ու կրկնել 2016 թվականի ապրիլյան սցենարը՝ գնալ ռազմական գործողությունների։

– Մշտապես ասել եմ, որ պատերազմի վտանգն ավելի քան արդիական է։ Եթե այժմ փորձենք պատերազմը զսպող և նպաստող գործոնները դիտարկել, ապա կտեսնենք, որ նպաստող գործոններն ավելի շատ են։ Կարծում եմ՝ Ադրբեջանում սպասում են, որ հայկական ճգնաժամն ավելի խորանա՝ պետական կառավարման տեսանկյունից, ընկալումների և այլն: Այսինքն՝ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տանում, և տեսնում ենք, որ բոլոր ուղղություններով են իրականացնում։ Հետևաբար՝ քանի դեռ հակառակորդը պատրաստվում է պատերազմի, այդքան ժամանակ պատերազմի վտանգն արդիական է։

– Վարչապետի կոչով պետք է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծվի: Ձեր կարծիքով՝ նման հանձնաժողով ստեղծելու կարիք կա՞, այդ պատերազմի հետ կապված գոնե հայկական կողմի համար ամեն ինչ պարզ չէ՞։

– Կարծում եմ՝ սա իշխանությունների հերթական հիմար որոշումն է, որը լուրջ հարված է հասցնում մեր երկու հայկական պետությունների անվտանգությանը մի քանի առումներով։ Նախ՝ կարծեք թե կասկածի տակ է դրվում, թե ինչու սկսվեց պատերազմը, մինչդեռ միջազգային հանրությունը և միջնորդներն արդեն դատապարտել են Ադրբեջանին ագրեսիա սկսելու համար, անգամ որոշակի պարտավորություններ էին դրել նրա վրա։

Երկրորդը՝ փորձում են դատել հաղթանակած բանակի հրամանատարների, երբ հանցագործություններ ու մեղքեր են փնտրում մի բանի համար, ինչի համար պետք է պարգևատրել ու շնորհակալ լինել։

Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ այդ պատերազմում հաղթել է, և այդ հաղթանակը որպես գործոն ծառայեցնել իրեն, իսկ մենք հարցականի տակ ենք դնում մեր հաղթանակը հարցը՝ նման ձևով ձևակերպելու պարագայում։ Այդ պատճառով էլ այս ամենը լուրջ վտանգ է բոլորի համար, ուստի օր առաջ պետք է հետ կանգնեն պոպուլիստական որոշումներով՝ ըստ էության, նոր բաժանարար գծեր քաշելու իրենց մարտավարությունից։

Զվարթ Խաչատրյան

«Եթե այս մի քանի ամիսը վարչապետին չբավարարեց բացահայտելու համար՝ կա՞ն դավադիր ուժեր ՀՀ-ում, թե՞ ոչ, նշանակում է՝ նա հանցավոր անտարբերություն է դրսևորում նման հարցերի շուրջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Be the first to comment on "«Եթե այս մի քանի ամիսը վարչապետին չբավարարեց բացահայտելու համար՝ կա՞ն դավադիր ուժեր ՀՀ-ում, թե՞ ոչ, նշանակում է՝ նա հանցավոր անտարբերություն է դրսևորում նման հարցերի շուրջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ