«Փաշինյանի քաղաքական իրավիճակը հիմա ավելի փխրուն է, քան Սերժ Սարգսյանինը` մեկ տարի առաջ». Արթուր Դանիելյան

 

«Ստի ծնունդը» և « Սուտ Նիկոլ» ակցիայի նախաձեռնողները լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան այսօր իրականացրած հերթական ակցիային՝ տեղեկացնելով, որ վաղ առավոտից բերման է ենթարկվել ակցիայի շուրջ 30 մասնակից, որոնք երեք ժամ անց ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ակցիան նախձեռնող «Ադեկվադ» հ/կ-ի համահիմնադիրները դիմել էին իրենց համախոհներին և համակիրներին՝ իրենց հետ նշելու հունիսի մեկը՝ «ստի ծնունդը» խորագրի ներքո։ Ակցիան իրականացվել է 12 քաղաքներում և Երևանի 11 վարչական շրջաններում։

«Մեզ այսօր փաստացի մոտ 90 հոգի էր միացել. վաղ առավոտյան դուրս էին եկել  Հայաստանի տարբեր մարզերի 12 քաղաքներ և Երևան տարբեր փողոցներ, իրենց յուրովի ձևով շնորհավորել են ստի ծնունդը։ Սա «Սուտ Նիկոլ» ակցիաների երրորդ փուլն էր»,- ասաց «Ադեկվադ» հ/կ-ի հիմնադիր Արթուր Դանիելյանը՝ նշելով, որ ոչ միայն մեծացել է ակցիայի մասնակիցների թիվը և մասնակցության աշխարհագրությունը, այլև ձերբակալվածների թիվը։

«Ադեկվադի» համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանի խոսքով՝ բերման ենթարկելու դեպքերը քաղաքական հետապնդման օրինակներ են:

«Մենք արդեն որերորդ անգամ տեսնում ենք, թե ինչ աստիճանի ցինիզմի է հասել երկակի ստանդարտների կիրառությունը գործող իշխանությունների կողմից»,- ասաց նա՝ հիշեցնելով դատարանների դռներն արգելափակելու ակցիան։

Անդրադառնալով վարչապետի ռեյտինգին՝ Նակալյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը բարձր ռեյտինգ ունի ֆեյսբուքյան քոմենթների դաշտում միայն.

«Իրավիճակը կտրուկ փոխվում է, Նիկոլ Փաշինյանը, ըստ երևույթին, չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին, չի պատկերացնում այն օբյեկտիվ խնդիրների առկայությունը, որոնք ծագել են, և շարունակում է շարժվել այն իներցիայով` զոռբայության, ստի, կեղծարարության, որով մեկ տարի առաջ Հայաստանում արվեց պետական հեղաշրջում»,- ասաց նա՝ հավելելով, որ վարչապետի վարկանիշը պաշտպանում են միայն իրավապահ մարմինները և վարչական շրջանի ներկայացուցիչները։

«Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանի ռեյտինգն օբյեկտիվորեն իր մինիմումի վրա էր, իմ պատկերացմամբ՝ մոտ 10-12 տոկոս էր, նույնիսկ այդ ժամանակ նա հիստերիկ հրահանգներ չէր իջեցնում իրավապահ մարմիններին` պայքարել նմանատիպ ակցիաների դեմ: Ինչն ինձ  հուշում է, որ Փաշինյանի քաղաքական իրավիճակը հիմա ավելի փխրուն է, քան Սերժ Սարգսյանինը` մեկ տարի առաջ»,- ի հավելումն գործընկերոջ խոսքի՝ նկատեց Արթուր  Դանիելյանը և նշեց, որ տպավորություն է ստեղծվել, որ այդ 88 պատգամավորից և ևս հարյուր մարդկանցից բացի, որոնց նրանք գործի են ընդունել, Նիկոլ Փաշինյանը սատարողներ չունի:

168.am-ի հարցին, թե ի՞նչ հիմքով են իրավապահ մարմինները խոչընդոտել խմբի անդամներին ակցիա իրականացնել և բերման ենթարկել,  Արթուր Դանիելյանն արձագանքեց. «Արգելելիս որևէ հիմք չեն ներկայացնում իրավական,  բարոյահոգեբանական ճնշումներ են եղել»։

Ա. Դանիելյանը տեղեկացրեց, որ որոշ դեպքերում նույնիսկ առգրավվել են ներկերն ու տրաֆարետները։

«Ակնհայտորեն քաղաքական պատվեր է, և ոստիկանությունը ստիպված է այդ պատվերը սպասարկում։

Զուտ սահմանադրական առումով մենք ունենք ազատ արտահայտման իրավունք և փաստացի հենց այդ իրավունքից ենք օգտվել այսօր առավոտյան»,- ասաց  նա։

«Եթե անգամ հիմքեր էլ կան, դա իրավական չէ»,- հավելեց Կ. Տեր-Նակալյանը։

Արդյո՞ք եղել են իրավապաշտպաններ, ովքեր արձագանքել են ստեղծված իրավիճակին մեր հաջորդ հարցին ի պատասխան՝ «Ադեկվադի» համահիմնադիրները հայտնեցին, որ նման արձագանքներ չեն եղել. «Մեր ընկերներն են մեզ զանգահարել, մասնավորապես՝ առավոտյան Կոնստանտինը խոսել էր Ռուբեն Մելիքյանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

«Փաշինյանի քաղաքական իրավիճակը հիմա ավելի փխրուն է, քան Սերժ Սարգսյանինը` մեկ տարի առաջ». Արթուր Դանիելյան

Be the first to comment on "«Փաշինյանի քաղաքական իրավիճակը հիմա ավելի փխրուն է, քան Սերժ Սարգսյանինը` մեկ տարի առաջ». Արթուր Դանիելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ