Որքանո՞վ ժամանակավոր կլինի Փաշինյանի իշխանությունը

 

Այս հարցի վերաբերյալ հայաստանյան և միջազգային դիտորդների կարծիքները բաժանված են երկու մասի:

Դիտորդների մի մասի կարծիքով թե՛ Հայաստանում և թե՛ երկրից դուրս Նիկոլ Փաշինյանին համարում են «ժամանակավոր» կառավարիչ: Նույնիսկ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ անցած դեկտեմբերի 9-ի ընտրություններում Փաշինյանը հիմնավոր հաղթանակ արձանագրեց, և այն ընդունվեց հանրության մեծ մասի կողմից: Փաշինյանի «ժամանակավոր» լինելու թեզը հիմնավորում են նրանով, որ նա պետականկառավարման փորձ չունի և իր իշխանությունը ձևավորել է «մեծերի մանկապարտեզի»  մոդելով, ինչը երկարաժամկետ հեռանկար չի կարող ունենալ: Հայաստանի նման կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի մարտահրավերներին Փաշինյանն ու իր թիմը հաստատ չեն կարող արժանապատիվ լուծումներ տալ։

Դիտորդների մյուս մասի կարծիքով Փաշինյանին այլևս ոչինչ չի խանգարելու երկրում հաստատել անձիշխանություն: Գործադիրն իր ձեռքում է, օրենսդիրը՝ նույնպես, մնացել է լուծել միայն դատական իշխանության հարցը, որը Փաշինյանի համար ժամանակի հարց է լինելու միայն։

Նույնիսկ երբ հայտնի էյֆորիան երկրում շեշտակի նվազի, միևնույն է, նշում են նրանք, Փաշինյանի դիրքերը ոչ ոք չի կարողանա սասանել՝ օրինակ բերելով Սերժ Սարգսյանի փորձը: Եթե ցածր հանրային լեգիտիմություն ունեցող Սերժ Սարգսյանին հաջողվեց կառավարել երկիրը 10 տարի, ապա ի՞նչն է խանգարելու Փաշինյանին կառավարել նույն ժամկետով։

Իմ կարծիքով ճշմարտությունն, ինչպես միշտ, գտնվում է այս երկու տեսակետի արանքում, և Փաշինյանի՝ ժամանակավոր լինելու մասով ոչինչ նախօրոք կանխորոշված չէ: Փաշինյանի ճակատագիրը կախված է մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից:

 

Ճիշտ է, Սերժ Սարգսյանին հաջողվեց երկիրը կառավարել տաս տարի, սակայն պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նրա ժամանակ հասարակությունը «քնած էր» և չէր հավատում, որ ինքնուրույն կարող է փոխել իր ճակատագիրը, մինչդեռ այսօր մենք ունենք «արթնացած» հասարակություն, ով մի անգամ տեսել է, որ կարող է փոխել իշխանությունը, և նույնը կանի, եթե տեսնի, որ Փաշինյանը շեղվում է իր խոստացած գլխավոր ուղենշից:

Գամսախուրդիան ժամանակին նույնպես շռնդալից հաջողություն արձանագրեց ընտրություններում, սակայն ընդամենը 7 ամիս անց կորցրեց իշխանությունը: Նույնը կատարվեց Էլչիբեյի հետ: Այնպես որ, էյֆորիկ մթնոլորտում ընտրություններում հաջողություն արձանագրելը երաշխիք չի տալիս հանգիստ կառավարելու համար:

Ավելին՝ բոլոր հեղափոխական կառավարիչների քաղաքական կյանքը երկար չի տևել:

Գամսախուրդիան կառավարել է 7 ամիս, Էլչիբեյը՝ մեկ տարի, Շուշկևիչը Բելառուսում կառավարել է 3 տարի: Կրավչուկը Ուկրաինայում կառավարել է նույնպես 3 տարի: Բակիևը Ղրղզստանում կառավարել է 5 տարի, Վալենսան Լեհաստանում՝ նույնքան:

Ամենաերկարակյաց հեղափոխական գործիչներն են եղել Ելցինը Ռուսաստանում (կառավարել է 8 տարի), Սաhակաշվիլին՝ Վրաստանում (8 տարի), և Տեր-Պետրոսյանը  (7 տարի):

Որ շարքին կպատկանի Փաշինյանը՝ «երկարակյացների՞», թե՞ «ժամանակավորների»՝ կախված է իր քայլերից և հանրության հակազդեցությունից: Պարզ է մեկ բան՝ վերը նշված հեղափոխական գործիչներից ոչ մեկն իր երկիրը կայուն և երկարատև զարգացման հիմքի վրա չի դրել: Նրանք ասպարեզ են բերել նոր մոտեցումներ, որոնց հիման վրա էլ նրանց փոխարինողներն իրենց երկրների երկարաժամկետ զարգացման հիմքերն են դրել:

Կվասնևսկին Վալենսայից հետո Լեհաստանը կառավարեց 10 տարի: Շևարնաձեն Գամսախուրդիայից հետո կառավարեց 10 տարի: Կուչման Կրավչուկից հետո կառավարեց 10 տարի Ուկրաինան, Ալիևները Էլչիբեյից հետո մինչ այսօր կառավարում են Ադրբեջանը՝ մոտ 26 տարի: Պուտինը Ելցինից հետո մինչ այսօր կառավարում է Ռուսաստանը՝ մոտ 20 տարի, Լուկաշենկոն Շուշկևիչից հետո մինչ այսօր կառավարում է Բելառուսը՝ մոտ 25 տարի, Քոչարյանը Տեր-Պետրոսյանից հետո 10 տարի կառավարեց Հայաստանը:

Այս օրինաչափությունը ցույց է տալիս, որ հեղափոխական գործիչների քաղաքական կյանքը սովորաբար երկար չի տևում՝ ի տարբերություն հետհեղափոխական գործիչների, որոնք ավելի երկար քաղաքական կյանք են ունենում:

Այս ամենի պատճառը նրանց տարբեր առաքելություններն են: Հեղափոխականներն ավելի շատ զբաղված են լինում հինը քանդելով՝ անկեղծ համոզված լինելով, որ հինը քանդելով ավտոմատ կսկսի կառուցվել նորը: Սակայն այդպես չի լինում, և կարճ ժամանակահատվածում հասարակությունները հոգնում են ցնցումներից ու պառակտումներից, և առաջ է գալիս նոր հիմքի վրա կայուն զարգացման պահանջը: Իսկ հեղափոխականները սովորաբար այդ խնդրի լուծմանը պատրաստ չեն լինում:

Պարզապես հեղափոխականների մի մասն արագ է քաղաքական արժեզրկման ենթարկվում, իսկ մյուս մասը՝ դանդաղ: Իսկ դա արդեն կախված է լինում այլ հանգամանքներից:

Մեր պարագայում նույնպես ոչինչ կանխորոշված չէ: Եվ որքանով ժամանակավոր կլինի Փաշինյանը՝ կախված է, միաժամանակ, և՛ իր քայլերիցև՛ հանրությունից:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Politeconomy.org

http://www.zham.am/am/news/7137/view

Be the first to comment on "Որքանո՞վ ժամանակավոր կլինի Փաշինյանի իշխանությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ