Եթե այդքան վատ էր 2000–2008թթ., ապա ինչո՞ւ էր այդքան լավ

 

Ֆեյսբուքա-ՀՀՇ-ամերձ նախկին ու ներկա կայացած ու չկայացած մի քանի կիսատնտեսագետներ մերթընդմերթ արտահայտվում են 2000-2008-ի տնտեսության իրավիճակի մասին: Տպավորություն է առաջանում, որ նրանք մոռացել են կամ էլ չեն իմացել, որ տնտեսությունը ճյուղեր ունի, և դրանցից մեկն էլ շինարարությունն է:
Խոսում են 2002-2008-ի «ֆենոմենի» մասին՝ որպես, իրենց պատկերացմամբ` բացասական երևույթի:
1999թ-ից սկսվել և մինչև 2008 թվականը 1992-1996թթ. տնտեսական բարեփոխումների առաջին փուլից հետո, ընդմիջումով (1996-1999), 2000 թվականից սկսվել է բարեփոխումների երկրորդ` վերականգնողական փուլը: Չմոռանանք նաև, որ այդ ժամանակահատվածում` 2000-2007թթ-ին, վերացվում և վերականգնվում էին 1996-1999թթ.-ի ապաշնորհ քաղաքականության տնտեսական ու քաղաքական ավերակները:
Շատ պարզ հարց է ծագում` եթե այդքան վատ էր 2000թ.-ից մինչև 2008 թ., ապա ինչո՞ւ էր այդքան լավ…
Ինչո՞ւ էին 1990-ականներին սեփական երկրից մազապուրծ եղած արտագաղթածները, 2002-ից սկսած, իսկ ավելի ակտիվ` 2004-ից, ներգաղթում «քանդվող» Հայաստան, ինչո՞ւ էին 2000-2007թթ. թոշակներն ու աշխատավարձերը անգամներով բարձրանում:
Այդ նույն ժամանակահատվածում ինչո՞ւ էին օտարերկրյա ու ներքին ներդրումները անգամներով աճում, ինչո՞ւ էին անգամներով աճում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, առևտուրն ու ծառայությունները, շինարարությունն ու ենթակառուցվածքները, ֆինանսական ու բանկային ծառայությունները, հարյուրավոր խոշոր ու միջին ձեռնարկություններ վերագործարկվում, հիմնադրվում, ընդլայնում իրենց գործունեությունն ու նորացվում: Ինչո՞ւ էին փոքր ձեռնարկությունները կրկնապատկում իրենց մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում: Ինչո՞ւ էին պետական բյուջեի եկամուտներն ու համախառն ներքին արդյունքը, մեկ շնչին ընկնող եկամուտը անգամներով աճում, ինչո՞ւ էին աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունն անգամներով նվազում:
Կա՞ մի ցուցանիշ, որն այդ շրջանում անգամներով չի բարելավվել: Կարո՞ղ եք գտնել. չեք կարող:
Ինչո՞ւ էր Հայաստանի միջազգային հեղինակությունն այդքան բարձր:

Եթե չգիտեն, ապա պետք է ասել, իսկ եթե մոռացել են, հիշեցնել, որ տնտեսության դինամիկ զարգացման յուրաքանչյուր ժամանակաշրջան ունենում է իր առաջանցիկ դերակատարություն ունեցող ճյուղը, կամ ճյուղերը, որոնք ժամանակ առ ժամանակ փոփոխվում են` միմյանց զիջելով առաջատարի դերը:
Հա, մեկ էլ, որ շինարարություն են ասում, դա միայն Հյուսիսային պողոտան չէ, այ… հարգելիներս: Դա 1988-ի երկրաշարժի գոտին է, ամբողջ երկրով մեկ` սոցիալական, կրթական, մշակութային օջախներն են, հանրապետական ու համայնքային նշանակության ճանապարհներն են, արդյունաբերական շինարարությունն է, հյուրանոցներն են, ծառայություններ մատուցող միավորներն են, տրանսպորտային և ենթակառուցվածքային ուղիներն են (գազամուղ, էներգետիկ ենթակառուցվածքներ, օդանավակայաններ ) և այլն, և այլն, և այլն:
Եթե ցանկություն կա կայանալու, ապա թող այլ տեղերում, և այլ թեմաներ փնտրեն, միևնույնն է` այս մասով չի ստացվում. մարդիկ ոչ կույր են, ոչ էլ այդքան միամիտ, անտեղյակ և հիշողությունը կորցրած:
Բայց մինչ այդ ճիշտ կլինի՝ ավելի խորությամբ ուսումնասիրեն 2009-ի ճգնաժամի բուն պատճառները, նախ` սկսեն ԱՄՆ-ից, իսկ հետո անցնեն նրան, թե ինչը և որ գործողություններն էին, որ Հայաստանում այդքան մեծ անկման բերեցին: Թող մի լավ խորանան, եթե ունակ են, նոր հետո իրենց «դարակազմիկ» եզրակացությունները տարածեն:

Սա էլ հատուկ անտեղյակների և «մոռացկոտների» համար

1999թ. արդյունքներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 281 մլրդ դրամ, իսկ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` 312 մլրդ դրամ:

2007թ արդյունքներով՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը` 716 մլրդ դրամից ավելի:
Առանց էներգետիկայի` 591 մլրդ դրամից ավելի:

2007 թվականի արդյունքներով գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է 634 մլրդ դրամ:

Այսինքն` 1999-ից 2007-ի աճը արդյունաբերության համար կազմել է մոտ 2,5 անգամ, իսկ գյուղատնտեսության աճը` 2 անգամից ավելի:

Իսկ եթե հաշվի առնենք, որ 1999-ին ԱՄՆ 1 դոլարը արժեր 524 դրամ, իսկ 2007-ին` 305, ապա դոլարային արտահայտությամբ այդ երկու ոլորտների աճը կկազմի մի քանի անգամ ավելի:

Թե բա` միայն շինարարությունն է աճել…

Հետգրություն

 

Անցյալի ակնհայտ հաջողությունները սևացնելու միջոցով սեփական ապիկարությունն ու ամլությունն արդարացնելու փորձերը դատապարտված են. դրանք ոչ մի տեղ չեն տանում:

Համ էլ ամոթ է…
Կարիք չկա ինչ-ինչ նպատակներով ի ցույց դնել սեփական անսկզբունքայնությունը, կամ, Աստված մի արասցե, նաև` ինչ–որ տեղ «մուտք գործելու» անթաքույց նկրտումները:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

http://www.zham.am/am/news/7556/view

Be the first to comment on "Եթե այդքան վատ էր 2000–2008թթ., ապա ինչո՞ւ էր այդքան լավ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ